երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Միքայել Մինասյանը ծանուցվել ու ծանոթացել է իր վերաբերյալ քրեական գործի մանրամասներին, ինչից հետո էլ սկսել է իր խոհանոցային եթերները․ Հրաչյա Հակոբյան

Միքայել Մինասյանը ծանուցվել ու ծանոթացել է իր վերաբերյալ քրեական գործի մանրամասներին, ինչից հետո էլ սկսել է իր խոհանոցային եթերները․ Հրաչյա Հակոբյան

Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը անձնական որևէ շահագրգռություն չունի Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ քրեական գործում, InfoPort.am-ին ասաց հենց ինքը՝ Հակոբյանը՝ արձագանքելով քննադատական հայտարարություններին։

«Ես որևէ շահագրգռություն չեմ կարող ունենալ այս քրեական գործում և որևէ արշավ չեմ նախաձեռնել։ Ես ընդամենը իմ ունեցած ւնֆորմացիաները կիսում եմ։ Ես շահագրգռված եմ, որ հանրությունը իմանա իրականությունը», -մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Այսօր պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր երևանյան հյուրանոցներից՝ «Դաբըլ թրի բայ հիլթոնի» լուսանկարը և գրել՝ ինքը տեղյակ չէր, որ այդ հյուրանոցը Միքայել Մինասյանին է պատկանում։

«Այդ փաստը արտացոլված է քրեական գործում, պաշտոնական հաղորդագրությունում, և ես այդ մասին շատ ուշ եմ իմացել», -նշեց Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, այս ամենը ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակում է։ Ավելին, պատգամավորը պնդեց, որ քրեական գործի բոլոր մանրամասների մասին մեղադրյալ Միքայել Մինասյանը տեղյակ է եղել և նորմալ ծանուցվել է։

«Կատարվողը կարելի է դիտարկել ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակում և ամեն ինչ պարզ կդառնա, թե ինչով են պայմանավորված հայտնի անձի կոստյումով ու փոխկապով խոհանոցային եթերները։ Իմ խորին համոզմամբ, ինքը ստացել է ծանուցումները, տեղեկացել հարուցվող քրեական գործերի ու դրանց բովանդակության մասին, ինչից հետո էլ սկսել է խոհանոցային եթերների շարքը», -հավելեց Հակոբյանը։

Նշենք, որ ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, Միքայել Մինասյանը 2017-2018թթ. ընթացքում միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները, այսինքն ապօրինի հարստացել է: Բացի այդ, չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:

  • Կիսվել: