ՀՀ ԶՈւ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին երկարատև, բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ
Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները զինված ուժերը եվրատլանտյան չափանիշներին անցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին, ինչպես նաև այդ ուղղությամբ որոշակի քայլերի և գործողությունների ցուցադրումը, առայժմ առավելապես կրում են հռչակագրային և քաղաքական բնույթ»:
Սալյուկովը նաև հավելել է, որ Հայաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին իրական անցումը երկարատև, բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ բյուջետային ծախսեր՝ Հայաստանի անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով։



