երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք ավարտին հասցնել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Թուրքիայի ցամաքային սահմանի հատումը. Միրզոյան

Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք ավարտին հասցնել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Թուրքիայի ցամաքային սահմանի հատումը. Միրզոյան

Թուրքիա կատարած այցի վերաբերյալ մանրամասն և հրապարակային տեղեկատվություն հայտնել է հայաստանյան, թուրքական, ինչպես նաև միջազգային մամուլը։  Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հասկանալիորեն՝ այցի նպատակը տեղի ունեցած երկրաշարժն է և հայկական արձագանքը, հումանիտար օգնությունը։ Պետք է փաստեմ, որ թուրքական կողմի արձագանքը և՛ կենտրոնական իշխանությունների մակարդակով,  և՛ տեղում՝ վարչակազմի մակարդակով ու բնակիչների արձագանքի մակարդակով  գնահատանքի ձևով էր դրսևորվում։

Մեր փրկարարների ծառայությունը և հումանիտար օգնությունը բավականին դրական  արձագանքի, երախտիքի  է արժանացել։ Փրկարարների հետ շփվեցինք, պատմեցին, թե բնակչությունը ինչպես է վերաբերվել»,- ասաց նախարարը։

Միրզոյանը այս ամենը Հայաստանի կողմից կարևոր մարդասիրական քայլ է որակում։

«Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները: Մեր  փրկարարները կրկին կվերադառան ցամաքայի սահմանով, ինչպես օգնության երկրորդ խմբաքանակն էր գնացել։

Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ:

Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց. «Կառավարության գործունեության ծրագրում ընդգծել ենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մեր տեսլականը: Խոսեցիք Անիի կամրջի մասին, մենք էսքիզային նախագիծ բավական երկար ժամանակ առաջ պատրաստել ենք:  Դա կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ»:

 

  • Կիսվել: