երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մենք որևիցե խնդիր չենք տեսնում Հռոմի ստատուտը վավերացնելու առումով. Վլադիմիր Վարդանյան

Մենք որևիցե խնդիր չենք տեսնում Հռոմի ստատուտը վավերացնելու առումով. Վլադիմիր Վարդանյան

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողներին ներկայացրել է Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո մյուս իրավական գործընթացները: Նա նշել է, որ այն կուղարկվի ՀՀ նախագահին, որն այդ որոշման հիման վրա պետք է վավերագիր պատրաստի:

Այն, որ բազում հանցագործներ գտնվում են ազատության մեջ, դեռևս հիմք չէ որևիցե մեկի համար՝ վիճարկելու կամ անվավեր ճանաչելու Քրեական օրենսգիրքը: Անդրադառնալով Ադրբեջանի միջազգային վճիռները չկատարելու փորձին՝ ասաց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Այն արարքները, որոնց համար Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը նախատեսում է պատասխանատվություն, որոշները արդեն մեկ դար հանդիսանում են քրեորեն պատժելի զարգացած երկրների օրենսդրության մեջ, և մենք որևիցե խնդիր չենք տեսնում այս փաստաթուղթը վավերացնելու առումով: Այն, որ կան միջազգային դատարանի որոշումներ, որոնք չեն կատարվում, մենք արձանագրում ենք այդ փաստը, իհարկե, չենք կարող ասել, որ գոհ ենք այդ իրավիճակից, բայց դրան զուգահեռ՝ որևիցե մեկը չի կարող վիճարկել այն, որ Ադրբեջանի վարքագիծը դիտվել է որպես ոչ իրավաչափ, և մենք որևիցե փաստաթուղթ նախկինում չունեինք, որում ընդհանրապես որևիցե անդրադարձ էր կատարվել Ադրբեջանի հանցավոր գործողություններին: Այո, ստատուտը պետք է վավերացվեր 20 տարի առաջ: Այո, գուցե Գուրգեն Մարգարյանի դեպքը պետք է լիներ, որ պետք է փոխանցվեր միջազգային քրեական դատարանի ուսումնասիրությանը, գուցե մենք ավելի ակտիվ եղանակով պետք է ընդգրկվեինք այս գործընթացի մեջ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ միջազգային հանրությունը սանկցիաներ չի կիրառել Ադրբեջանի նկատմամբ, դեռ չի նշանակում, որ վարքագիծն օրինական է: «Եթե վարքագիծը հանցավոր է, ապա այդ հանցավոր վարքագծի դեմ պետք է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ այն շարունակում է հանցավոր մնալ, և այն հանգամանքը, որ այս կամ այն միջազգային կազմակերպությունը դեռևս ռեակցիա չի տվել այս կամ այն իրավախախտմանը, չի նշանակում, որ այդ արարքներն իրավախախտում չեն»,- նշեց նա:

Անդրադառնալով ստատուտի ընդունման հետ կապված ռուսական կողմի քննադատությանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ ռուսական կողմին առաջարկվել է կանոնադրության 98-րդ հոդվածի երրորդ մասի տրամաբանությամբ կնքել երկկողմ համաձայնագիր, որով կբացառվի որևէ տեսակի մանիպուլյացիա՝ կապված ռուսական կողմի և Միջազգային քրեական դատարանի հետ:

  • Կիսվել: