հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մենք լուծումը կգտնենք. Սուրեն Պապիկյանը՝ ՍԴ խնդրի լուծման մասին

Մենք լուծումը կգտնենք. Սուրեն Պապիկյանը՝ ՍԴ խնդրի լուծման մասին

«Մեր քաղաքական նպատակադրումից չենք հրաժարվել, ՀՀ-ում տրված իրավական հնարավորություններից օգտվելով՝ մենք այն կյանքի կկոչենք»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկմանն ու հարցին՝ արդյոք հրաժարվել են իրենց քաղաքական նպատակադրումից:

Նրա խոսքով, ուղիներից մեկը Ազգային ժողովում հարցի քննարկումն ու լուծում տալն է, մյուսը՝ սահմանադրական հանրաքվեն։ «Իհարկե գիտեք, որ այս փուլում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երկար ժամանակ, այն հնարավոր չէ իրականացնել։ Իհարկե, մենք լուծումը կգտնենք»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։

Հարցին՝ իսկ իրենց առջև դրվա՞ծ է վերջնաժամկետ, որ մինչ այդ պահը Հրայր Թովմասյանը չպետք է լինի ՍԴ նախագահ, նախարարը բացասական պատասխան տվեց։

«Իհարկե ոչ։ Մեր գործողությունները ինքնանպատակ չեն, բխում են ՀՀ-ի, ՀՀ քաղաքացու շահերից: Մենք մեր գործողություններում թափանցիկ ենք, որևէ գաղտնի բան չկա և քաղաքական նպատակադրումը ավելին համարել, քան մեր քաղաքացու շահն է, չենք կարող։ Այդ պատճառով էլ սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց այս փուլում»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

  • Կիսվել: