ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
ՄԱԿ-ում Նեթանյահուի ելույթից առաջ պատվիրակությունների մի մասը լքել է դահլիճը

ՄԱԿ-ում Նեթանյահուի ելույթից առաջ պատվիրակությունների մի մասը լքել է դահլիճը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ պատվիրակների զգալի մասը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նրա՝ ամբիոն բարձրանալու պահին դահլիճում դժգոհության աղմուկ է բարձրացել, դահլիճում Պաղեստինի աջակցությամբ վանկարկումներ եբ հնչել, և պատվիրակությունները սկսել են զանգվածաբար լքել դահլիճը։ Միևնույն ժամանակ հնչել են հատուկենտ ծափահարություններ։

Բողոքների ֆոնին Նեթանյահուի ելույթի մեկնարկը հետաձգվել է։ Այն բանից հետո, երբ ներկաներից մի մասը լքել է դահլիճը, Իսրայելի վարչապետը հեռացածներին անվանել է «բարոյական վախկոտներ»։

«Եթե ինչ–որ տեղ կան վախկոտներ, որոնք չեն լքել այս դահլիճը, խնդրում եմ դա անել հիմա»,–ելույթից առաջ ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն քաղաքակրթությունը փրկելու համար միասին են գործեն:

«Բարբարոսների դեմ այս պայքարում մենք նախագահ Թրամփից ավելի կարևոր գործընկեր չենք ունեցել։ Իսրայելն ու Ամերիկան ​​միասին գործեցին քաղաքակրթությունը փրկելու համար»,-ասել է Նեթանյահուն:

Նա նաև հայտարարել է, թե Իրանի կառավարության անկումը «միայն ժամանակի հարց է»՝ վստահություն հայտնելով, որ մի օր իրանցի ժողովուրդը «ազատ կլինի»։

Ելույթի ընթացքում իսրայելցի վարչապետը ցուցադրել է արբանյակային Starlink սարքը՝ հայտարարելով, որ Իրանի ղեկավարությունը «վախենում է տեխնոլոգիաներից, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս հասանելիություն ստանալու ճշմարտությանը, ընտրություն կատարելու, ազատ մտածելու և ազատ արտահայտելու մտքերը»։

Նեթանյահուն հայտարարել է, որ սարքը կթողնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին, որպեսզի նա այն փոխանցի իրանական պատվիրակությանը, որի ներկայացուցիչները բացակայում էին նրա ելույթի ժամանակ։ ՄԱԿ-ում իր ելույթների ընթացքում Նեթանյահուն բազմիցս օգտագործել է տարբեր առարկաներ և տեսողական նյութեր՝ ընդգծելու համար առանձին թեզեր, որոնք հաճախ կապված էին Իրանի հետ։

Դիմելով ՄԱԿ-ի շենքի մոտ հավաքված ցուցարարներին և իր ելույթի ընթացքում դահլիճը լքած երկրների ներկայացուցիչներին՝ Նեթանյահուն հարցրել է. «Որտե՞ղ էիք դուք, երբ իրանցի բռնակալները սպանում և խեղում էին տասնյակ հազարավոր անզեն իրանցի քաղաքացիների»։

Իսրայելի վարչապետը, որին հաջորդ ամիս դժվար ընտրություններ են սպասվում, նաև խիստ քննադատության է ենթարկել միջազգային հանրության այլ ներկայացուցիչների։ Մասնավորապես, նա մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք վերջերս հայտարարել էին բռնազավթված Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին՝ ասելով, թե նրանք տրվել են «հակասեմական ամբոխներին»։

Հավելենք, որ դեռ նրա ելույթից առաջ ուշադրությունը սևեռված էր Նեթանյահուի և Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանիի հարաբերությունների վրա, որը բազմիցս Իսրայելի վարչապետին անվանել էր ռազմական հանցագործ և ավելի վաղ ուսումնասիրել էր նրա՝ քաղաք այցի ընթացքում ձերբակալելու հնարավորությունը։ Ավելի ուշ Մամդանին խոստովանել է, որ համապատասխան լիազորություններ չունի։

Նեթանյահուն հինգշաբթի առավոտյան ժամանել է Նյու Յորք։ Նրա գրասենյակի տվյալներով՝ այցի ընթացքում նա պետք է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացներ համաշխարհային առաջնորդների հետ։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին պաշտոնապես բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։ ԳԱ-ի շրջանակում ավանդաբար անցկացվում է բարձր մակարդակի շաբաթը։ Ընդհանուր քննարկումներն ընթանում են սեպտեմբերի 22-ից 26-ը, ինչպես նաև սեպտեմբերի 28-ին։

  • Կիսվել: