ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. դեսպան

Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. դեսպան

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը սեպտեմբերի 24-ին ընդունելություն էր կազմակերպել՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 77-րդ ամյակի կապակցությամբ։

Ներկայացնում ենք Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Լի Սինվեյի ելույթն ամբողջությամբ։

«Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ բարեկամներ։

Ողջունում եմ բոլորիդ։

Ոսկե աշնան այս օրերին՝ սեպտեմբեր ամսին, մենք հավաքվել ենք միասին նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 77-րդ տարեդարձը։ Թույլ տվեք ջերմորեն ողջունել այստեղ ներկա բոլոր հյուրերին և իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այսօր մեզ հետ լինելու համար։

1949 թվականին հիմնադրվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ինչը նշանավորեց չին ազգի պատմության նոր դարաշրջանի սկիզբը։ Անցած 77 տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ չին ժողովուրդը, համախմբելով ուժերը և հաղթահարելով դժվարությունները, անշեղորեն առաջ է շարժվել։ Չինաստանը աղքատ և հետամնաց երկրից վերածվել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության, իսկ սննդի և հագուստի անբավարարության պայմաններից հասել է համակողմանի միջին բարեկեցության հասարակության կառուցմանը։ Պետության համընդհանուր հզորությունը, բնակչության բարեկեցության մակարդակը և երկրի միջազգային ազդեցությունը պատմականորեն աննախադեպ աճ են գրանցել։

Այս տարի լրանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 105-ամյակը։ 105 տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն անշեղորեն հավատարիմ է մնացել իր սկզբնական նպատակին և առաքելությանը՝ ապահովել չին ժողովրդի երջանկությունը և հասնել չին ազգի վերածննդին՝ համախմբելով և առաջնորդելով չին ժողովրդին դեպի զարգացման նորանոր ձեռքբերումներ։

Այսօր Չինաստանը գտնվում է պատմական նոր մեկնակետում և չինական ոճով արդիականացման միջոցով համակողմանիորեն առաջ է մղում հզոր պետության կառուցումն ու չին ազգի մեծ վերածնունդը։

Այս տարին Չինաստանի 15-րդ հնգամյա ծրագրի իրականացման առաջին տարին է, որը կարևորվում է նաև նրանով, որ կապում է չինական ոճով արդիականացման առաջմղման նախորդ և հաջորդ փուլերը։ Ներքին և արտաքին բարդ ու փոփոխական իրավիճակի պայմաններում Չինաստանի տնտեսությունը ցուցաբերել է բավականին բարձր դիմակայունություն և կենսունակություն։

2025 թվականին համախառն ներքին արդյունքն առաջին անգամ հասել է նոր մակարդակի՝ գերազանցելով 140 տրիլիոն յուանը և տարեկան կտրվածքով աճելով 5,0%-ով։ Այս տարվա առաջին կիսամյակում համախառն ներքին արդյունքը տարեկան կտրվածքով աճել է 4,7%-ով, իսկ աճը հասել է վերջին հինգ տարիների նույն ժամանակահատվածի նոր առավելագույն ցուցանիշին։

Տնտեսական աճի պահպանմանը զուգահեռ Չինաստանի տնտեսական զարգացման շարժիչ ուժերը նույնպես շարունակաբար վերափոխվում են։ Արդյունաբերական արտադրությունը, թվային տնտեսությունը և բարձր տեխնոլոգիական ոլորտները շարունակում են զարգանալ, իսկ գիտատեխնիկական նորարարություններն ավելի ու ավելի են նպաստում տնտեսական աճին և արդյունաբերության արդիականացմանը։

Չինաստանի զարգացումն անհնար է պատկերացնել աշխարհից անջատ, ինչպես և աշխարհի զարգացումը՝ առանց Չինաստանի։ Արդիականացումն առաջ մղելուն զուգահեռ Չինաստանն անշեղորեն հավատարիմ է մնում բացության ընդլայնման ուղեգծին և ակտիվորեն մասնակցում է գլոբալ համագործակցությանը։ Ավելի քան տասը տարվա ընթացքում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցումը շարունակաբար խորացնում է փոխկապակցվածությունը, ընդլայնում առևտրատնտեսական համագործակցությունը, նպաստում համատեղ զարգացմանը և արդեն դարձել է միջազգային համագործակցության կարևոր հարթակ։

2021 թվականից ի վեր Նախագահ Սի Ծինփինը հաջորդաբար առաջ է քաշել Գլոբալ զարգացման, Գլոբալ անվտանգության, Գլոբալ քաղաքակրթության և Գլոբալ կառավարման նախաձեռնությունները, որոնք արձագանքում են մարդկության առջև ծառացած ընդհանուր մարտահրավերներին և շարունակում են չինական իմաստություն ներդնել ու չինական լուծումներ առաջարկել գլոբալ կառավարման ամրապնդման և կատարելագործման համար։

Այս տարի լրանում է Միավորված ազգերի կազմակերպությունում Նոր Չինաստանի օրինական տեղի վերականգնման 55-ամյակը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 2758 բանաձևը հանդիսավոր կերպով հաստատեց մեկ Չինաստան սկզբունքը։ Տվյալ բանաձևում հստակ նշված է. «վերականգնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բոլոր իրավունքները և նրա կառավարության ներկայացուցիչներին ճանաչել որպես Միավորված ազգերի կազմակերպությունում Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչներ»։ Աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։

55 տարիների ընթացքում Չինաստանը հաստատակամորեն պաշտպանում է Միավորված ազգերի կազմակերպության առանցքային դերով միջազգային համակարգը և միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը, ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի գործունեությանը և իր գործնական քայլերով կյանքի կոչում իսկական բազմակողմանիությունը։

Չինաստանը պատրաստ է նաև այսուհետ բոլոր երկրների հետ միասին հավատարիմ մնալ խաղաղության, զարգացման, համագործակցության և փոխշահավետության սկզբունքներին, նպաստել մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի կառուցմանը, գլոբալ կառավարման զարգացումն առաջ մղել առավել արդար և ողջամիտ ուղղությամբ և շարունակել նոր ներդրում ունենալ համաշխարհային խաղաղության պահպանման և ընդհանուր զարգացման խթանման գործում։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, ընկերնե՛ր։

Անցյալ տարի ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարեցին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին, ինչը նոր խթան հաղորդեց բոլոր ոլորտներում կողմերի համագործակցության խորացմանը։ Հայկական կողմը հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին, իսկ չինական կողմը աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Կողմերի միջև բարձր մակարդակի շփումները գնալով ավելի են սերտանում։

Այս տարի Նախագահ Սի Ծինփինը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցեց ՇՀԿ Բիշքեկի գագաթնաժողովին։ Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահը, շրջակա միջավայրի նախարարը և պաշտպանության նախարարը հաջորդաբար այց ունեցան Չինաստան։ Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան։ Չինական կողմը նաև բարձր մակարդակի պատվիրակություն կուղարկի մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համապատասխան միջոցառումներին։

Գործնական համագործակցությունը նոր արդյունքներ է գրանցել։ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Այս տարվա առաջին կիսամյակում երկու երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով 22,9%-ով։ Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար նոր տաղավարի կառուցմանն ուղղված աջակցության ծրագիրը հաջողությամբ առաջ է ընթանում։

Ներկայումս Երևան–Ուրումչի երթուղով չվերթների քանակն ավելացել է՝ հասնելով շաբաթական վեց անգամի, ինչի շնորհիվ երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելություններն էլ ավելի հարմարավետ են դարձել։ Ուրախ ենք տեսնել, որ չին զբոսաշրջիկներն այցելում են Հայաստան՝ բացահայտելու նրա հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Միևնույն ժամանակ, սիրով հրավիրում ենք մեր հայ բարեկամներին ավելի հաճախ այցելել Չինաստան, շրջել երկրով և ավելի մոտիկից ճանաչել այն։

Վերջերս Հայաստանում ընտրվեց խորհրդարանի նոր կազմը և ձևավորվեց նոր կառավարություն, ինչպես նաև նշվեց Հայաստանի անկախության 35-ամյակը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս իրադարձությունների կապակցությամբ։ Մենք պատրաստ ենք Հայաստանի կառավարության և խորհրդարանի նոր կազմի, ինչպես նաև հայ հասարակության տարբեր շրջանակների բարեկամների հետ միասին այսուհետ ևս առաջ մղել համագործակցությունը բոլոր ոլորտներում, նոր խթան հաղորդել երկկողմ հարաբերություններին և համատեղ կառուցել առավել գեղեցիկ ապագա։

Եզրափակելով՝ մաղթում եմ մեր երկու երկրներին բարգավաճում և բարօրություն, իսկ երկու երկրների ժողովուրդների բարեկամությանը՝ հավերժություն։ Բոլոր ընկերներին մաղթում եմ նաև քաջառողջություն և հաջողություններ բոլոր գործերում։

Շնորհակալություն բոլորիդ ուշադրության համար»։

Ըստ news.am-ի:

  • Կիսվել: