«Հայաստանում կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդում – CBIT 2» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագիրը
Սեպտեմբերի 23-ին պաշտոնապես մեկնարկեց «Հայաստանում կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդում – CBIT 2» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագիրը։
Այն ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։
Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, գիտական և հասարակական հատվածի, Հայաստանում ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար փորձագետներ։
Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ Փարիզյան համաձայնագրի թափանցիկության ընդլայնված շրջանակի հաշվետվողականության պահանջները բավարարելու համար՝ համահունչ ազգային առաջնահերթություններին։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին նշեց. «Ազգային քաղաքականությունների ազդեցությանը հետևելու թափանցիկ և հուսալի համակարգը միջազգային վստահության հիմքն է։ Ստեղծելով այս շրջանակը՝ Հայաստանը ոչ միայն կատարում է Փարիզյան համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, այլև հնարավորություն է ստեղծում բացելու և ներգրավելու կլիմայական ֆինանսավորման նոր գլոբալ աղբյուրներ»։
«2026թ. ընդունված «Կլիմայի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս կլիմայական օրակարգն ամբողջությամբ ներառել ազգային զարգացման ծրագրերում, և այս նոր ծրագիրն ուղղակիորեն կաջակցի դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակմանն ու կիրարկմանը», – նշեց Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը:
Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են գործողություններ՝ ուղղված ոչ կանոնավոր հաշվետվողականությունից անցում դեպի Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման շարունակական գործընթաց։ Սա կիրականացվի «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի գործարկման, Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման հարթակում նոր մոդուլների մշակման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով։



