Կբարձրանա հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների թափանցիկության և հրապարակայնության մակարդակը
Կառավարությունը հավանություն է տվել «Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ինչպես օրենքի իմաստով պատվիրատու հանդիսացող հանրային կազմակերպությունների շրջանակի ընդլայնմամբ, այնպես էլ վերջիններիս կողմից կատարվող գնումների նկատմամբ առավել հրապարակային և թափանցիկ պայմաններ սահմանելու անհրաժեշտությամբ, այդ թվում՝ վերջիններիս կողմից կատարվող գնումների նկատմամբ ևս պարտադիր դարձնելով հանրային հսկողության մեխանիզմի կիրառումը: Նախագծով նախատեսվում է սահմանել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունները գնումներ կարող են կատարել իրենց ազդեցության տակ գտնվող ընկերություններից, պայմանով, որ վերջիններս ևս իրենց կարիքների համար կատարվող գնումները կկատարեն «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներով: Նման ընկերությունների ցանկը կհաստատի ՀԾԿՀ-ն՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության դիմումի հիման վրա: Ընկերությունները կունենան իրենց գնումների կատարման կարգերը, որոնք չպետք է հակասեն նշված օրենքով սահմանված նպատակներին և սկզբունքներին: Առաջարկվում է նաև, որ հանրային կազմակերպությունների և վերջիններիս ազդեցության տակ գտնվող ընկերությունների կողմից կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ պարտադիր դարձնել հանրային հսկողության մեխանիզմների կիրառումը: Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների թափանցիկության և հրապարակայնության մակարդակը:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսում է ստեղծել իրավական հիմք որի միջոցով՝ պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հանդիսանում հարակից համայնքների խմելու, կենցաղային կամ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով ջրամատակարարումն ապահովելու համար և երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է համադրել համայնքների կենսապահովման կարիքները և պարենային անվտանգությունը շրջակա միջավայրի պահպանության հիմնական նպատակների հետ՝ ստեղծելով հավասարակշռված և պատասխանատու լուծում։ Կարգավորման արդյունքում համայնքները կկարողանան օրինական հիմքով ստանալ անհրաժեշտ ջրային ռեսուրսներ, իսկ արգելոցների տարածքից ջրառի իրականացման գործընթացը կդառնա առավել վերահսկելի։ Միևնույն ժամանակ, կսահմանվեն խիստ պահանջներ և վերահսկողական մեխանիզմներ՝ ջրառի ծավալների և ժամկետների սահմանման առումով, ինչը կնպաստի արգելոցների կայուն կառավարմանը։
Հավանություն է տրվել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ հաստատված ԵՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016-ից մինչեւ 2025 թ. ընկած ժամանակահատվածի համար ծրագրի կատարման ապահովմամբ։ Ծրագիրը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության միասնական տրանսպորտային տարածքի, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և անդամ պետությունների կողմից ավտոտրանսպորտային ծառայությունների տրամադրման փուլային ազատականացմանն ուղղված գործընթաց։ Մասնավորապես՝ սահմանվում է, որ ԵՏՄ անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային փոխադրումներ։ Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից։ Կաբոտաժային փոխադրումների ազատականացման արդյունքում կստեղծվեն պայմաններ ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայում մրցակցության զարգացման և բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների արդիականացման համար։ Կաբոտաժային փոխադրումների ազատականացումը Միության շրջանակներում բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների տրամադրման միասնական պայմանների ու կանոնների սահմանումն է։
Հավանություն է տրվել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ նախատեսվում է լրացնել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա ընթացքի մեջ դնել «Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը» նախագծի, կանոնարկման նպատակով ձևավորված հանձնաժողովի կազմի ու աշխատակարգի ընդունումը և լիարժեք դարձնել լեզվի ստանդարտացման գործընթացը ՀՀ պետական ու հանրային կյանքում։