Մենք հիմա Իսրայելի հետ պիտի փշի-փշի անե՞նք, թե գնանք պահպանենք մեր պատմական, բարեկամական հարաբերությունները Իրանի հետ․ Արամ Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի պնդմամբ, երբևէ չի եղել դեպք, որ Իրանում ՀՀ դեսպանատան դիմաց հակահայկական ցույցեր կազմակերպվեն։ Ավելին, չի եղել դեպք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանը հանդիպի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ։
«Սա դեմարշ է, և դա չեն հասկանում, չեն տեսնում մեր դիվանագիտական կորպուսի պատասխանատուները, քանի որ նրանք դիվանագիտությունից հեռու են։ Բայդ սրանք շատ լուրջ խնդիրներ են», - InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԴԿ նախագահը։
Հիշեցնենք՝ ՀՀ-ում Իսրայելի դեսպանատուն բացելու կապակցությամբ Իրանի մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին իրականացրել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան դիմաց և այրել Իսրայելի դրոշը։
Նրա խոսքով, Իրանում հայ համայնքը ունի լավագույն հնարավորությունները զարգանալու, արարելու և այդպես էլ անում է։
«Իսկ ո՞վ կա Իսրայելում հայ, ո՞ւր է այնտեղի հայ համայնքը, եթե Իսրայելը ամեն ինչ անում է, որ Հայոց ցեղասպանությունը աշխարհում ընդհանրապես չերևա, չլսվի, քանի որ Հոլոքոսթին մրցակից է, մենք ի՞նչն ենք փոխարինում։ Իսրայելը ժամանակակից զենք է վաճառել Ադրբեջանին, մենք հիմա Իսրայելի հետ պիտի փշի-փշի անե՞նք, թե գնանք պահպանենք մեր պատմական բարեկամական հարաբերությունները Իրանի հետ», - հավելեց Արամ Սարգսյանը։


