կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք արեցինք առավելագույնը, որ ՔՊ-ն Երևանում իշխանազրկվի. «Ապրելու երկիր»

Մենք արեցինք առավելագույնը, որ ՔՊ-ն Երևանում իշխանազրկվի. «Ապրելու երկիր»

Այլևս փաստ է այն, ինչի մասին խոսում ենք արդեն երկու տարի՝ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը Երեւանի ընտրություններում չհաղթահարեց 4 տոկոսի շեմը եւ չի լինի նոր ավագանիում:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի երևանցիներ,

Շնորհակալ ենք մեզ ձայն տված քաղաքացիներին վստահության համար։

Ցավոք, մեզ չհաջողվեց ճիշտ մարտավարությամբ արժանանալ ավելի շատ թվով երևանցիների վստահությանը, ինչը արձանագրվեց նաև բացառիկ ցածր մասնակցությամբ, երբ քաղաքացիների զգալի մասը վստահություն չունի քաղաքական գործընթացների նկատմամբ։

Սա, թերևս, ամենամտահոգիչն է այսօր։

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ առանց ատելության խոսքի, ստի ու կեղծիքի քաղաքական մշակույթի ձևավորման մեր սկզբունքին՝ խոսելով մեզանից, մեր ծրագրերից։ Այս մարտավարությամբ, սակայն, հաջողության հասնելու համար Հայաստանում բավական երկար ու բարդ քաղաքական ճանապարհ է անհրաժեշտ։

Միևնույն ժամանակ, այլևս փաստ է այն, ինչի մասին խոսում ենք արդեն երկու տարի՝ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել։ Մենք արեցինք առավելագույնը, որ ՔՊ-ն Երևանում իշխանազրկվի։

Ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող երևանցիների մեծամասնությունը մերժել է ՔՊ-ի կողմից Երեւանի կառավարման գաղափարը։ Սա հնարավորություն կտա երկրում ընտրությունների միջոցով իրականացնել ամբողջական իշխանափոխություն։

Հուսով ենք՝ քաղաքական ուժերը կգնան բացառապես այս ճանապարհով՝ պայքարելով ժողովրդի վստահության քվեի համար։

«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: