շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք անառակ զավակ չենք, մենք շնորհակալ ենք Հայաստանին. Արայիկ Հարությունյանը հիշեց «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» գործը

Մենք անառակ զավակ չենք, մենք շնորհակալ ենք Հայաստանին. Արայիկ Հարությունյանը հիշեց «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» գործը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին հարցազրույցի ընթացքում հնչեցրած կասկածներին առ այն, արդյոք նպատակային է ծախսվում ՀՀ-ի կողմից Արցախին տրամադրված ֆինանսական օգնությունը։ Նախ Արցախի նախագահը շեշտեց, որ չի պատրաստվում հարցազրույցի ընթացքում հաշվետվություն ներկայացնել, քանզի ԱՀ իշխանությունները այդ հաշվետվությունը ամենօրյա ռեժիմով ներկայացնում են ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Սակայն կներկայացնի որոշակի տվյալներ։

«2023-ին Հայաստանի կողմից Արցախին տրամադրվել է 136 մլրդ դրամ, բայց հաշվենք, որ դրանից մոտ 52 մլրդ-ն ուղղվել են հենց Հայաստանի բանկերի վարկերի մարմանը, որը ստանձնել է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո՝ փրկելու ՀՀ բանկային համակարգը, որովհետև այդ միջոցները ժամանակին, որպես վարկ ուղղվել էին Արցախի տնտեսական ծրագրերի մեջ։ Մնացած բոլոր գումարները ԱՀ կառավարությունը ուղղում է միայն սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը»,- շեշտել է ԱՀ նախագահը:

Նա որպես ԱՀ կառավարության հետպատերազմյան հաջողության ցուցանիշ նշեց այն աննախադեպ փաստը, որ մինչեւ 2022-ի շրջափակումը Արցախը ունեցել է հարկային մուտքերի այնպիսի ցուցանիշ, որ հավասար էր 2019-ի ցուցանիշին:

«Մեր սեփական մուտքերը անցել էին 45 մլրդ-ից, եւ արդեն վերականգնվում էր Արցախի տնտեսությունը, բայց շրջափակումը ոչ միայն դադարեցրեց, այլ քանդեց մեր ողջ տնտեսությունը: Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի ու հայ ժողովրդի աջակցության եւ նաեւ միջազգային աջակցության, անհնարին է լինելու գոյատեւել: Չկա տնտեսություն Արցախում, բոլորը համարյա գործազուրկ են»,- բացատրեց Արցախի նախագահը:

Ըստ նրա տարբեր շահարկումներ կան հիմնադրամների վերաբերյալ։ «Նախ հիմնադրամները վարկեր են տալիս՝ հիմնականում դրանք ուղղվել են բնակարաշինությանը և բնակարաններ ձեռք բերելուն։ Մոտ 12 մլրդ դրամ հատկացվել է բնակարանաշինության վրա։ Մեր նպատակն է եղել 4 հազար ընտանիքների ապահովել բնակարանով, որի մոտ կեսը Ստեփանակերտում, հենց այդ ռեսուրսներով է դա իրականացվել: Մոտ 5 մլրդ դրամ տրվել է երկրորդային շուկայից բնակարաններ ձեռք բերելու համար»,- պարզաբանեց նախագահը:

Նա նաև մեկ այլ ցուցանիշ նշեց․ «Երբեք հարկ չեն համարել դրա մասին խոսել, բայց այն ընկերությունը Ստեփանակերտում, որի հետ փոխկապակցված եմ՝ նախկին Գինու գործարանը, միայն պատերազմից հետո 1,5 տարվա գործունեության արդյունքում պետությանը վճարել է մոտ 900 մլն դրամ: Բարոյական չեմ համարել դրա մասին խոսել, բայց այնքան բամբասանքներ են տարածվում։ Մենք չենք հասկանում, որ վարկաբեկելով Արցախի իշխանություններին, կառավարության ղեկավարներին, արժեզրկելով նրանց դերը ընդհանուր այս իրավիճակում, դա հենց պետության կազմաքանդումն է: Ես պատրաստ եմ ցանկացած հաշվետվություն թափանցիկ ներկայացնել։ Այն հարկերով, որոնք մուծել են իմ կողմից ստեղծված ընկերությունները, մեծ ծրագրեր են իրականացվել, որոնք ուղղված են Արցախի դիմադրողականության բարձրացմանը»,- ընդգծեց Արցախի նախագահը:

Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, Հայաստանի կառավարությանն իր աջակցության համար, ապա կոչ արեց չկասկածել, թե այդ գումարները օգտագործվում են անտեղի: Արայիկ Հարությունյանը հիշեցրեց Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» ստեղծագործությունը՝ նշելով. «Երբ անառակ որդին փորձում է փոխհատուցել մորը իր արածների համար... մենք անառակ զավակ չենք, մենք շնորհակալ ենք, մենք մեր դիմադրելով, Արցախում ապրելով ոչ միայն մեր պարտքն ենք տալիս հայրենիքին, Սփյուռքին, այլեւ մարդկությանը: Մենք այդպես ենք հատուցում մեզ ուղղված միջոցները»,-ասաց նա:

  • Կիսվել: