չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Հանրային կապերի» ՊՈԱԿ-ը նախկինում էր օգտագործվում որպես «Ֆեյքերի գործարան»․ հիմա այդ նպատակով չի գործում․ Արայիկ Հարությունյան

«Հանրային կապերի» ՊՈԱԿ-ը նախկինում էր օգտագործվում որպես «Ֆեյքերի գործարան»․ հիմա այդ նպատակով չի գործում․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ում վերջին տարիներին պարբերաբար կրճատումներ են արվել, ինչը բացասաբար է ազդել հաղորդակցությունների որակի վրա։ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով ՊՈԱԿ–ին հատկացված ֆինանսական միջոցների վերաբերյալ հարցին` Հարությունյանը նշեց, որ տեխնիկական վերազինման համար նախորդ տարի տրամադրվել է 18 և 9 միլիոն դրամ, այն դեպքում, երբ երկար ժամանակ վերազինում չէր արվել։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների «Ֆեյքերի գործարան» բնորոշմանը` Հարությունյանը նշեց` եթե նախկինում ՊՈԱԿ–ը նման նպատակով էր օգտագործվում, հիմա այդ նպատակով չի գործում։

«Երբ ես դարձա աշխատակազմի ղեկավար, հարցրի` քանի՞ ֆեյք ունեք, պարզվեց` 0, որովհետև բոլոր ֆեյքերը, ֆեյքապահները տեղափոխվել են այլ դաշտ»։

Նրա խոսքով` հիմա լուրջ քննարկումներ են իրականացնում ՊՈԱԿ–ի աշխատանքը բարեփոխելու համար, հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում առանձնացրել են «հաղորդակցության ռազմավարություն» ուղղությունը, ՊՈԱԿ–ն իր ներուժով կարևոր դեր ունի այստեղ։

«Ես շատ ցավում եմ, որ նման տենդենցը շարունակվում է ՊՈԱԿ–ի նկատմամբ` ոչ ճշգրիտ տեղեկություններ տարածելը»,– նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով` ՊՈԱԿ–ի աշխատակիցները հաջողությամբ գործակցում են թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, արևմուտքի և մյուս միջազգային գործընկերների հետ։

«ՊՈԱԿ–ը և աշխատակազմը հիմա շատ ինտենսիվ աշխատում են ֆեյք տեղեկությունների դեմ պայքարի ռազմավարության վրա։ Կարծում եմ` ՊՈԱԿ–ին թիրախավորելը նաև այդ պատճառով է, որովհետև մեր ընդդիմախոսները հիմնականում փորձում են մեր դեմ պայքարել ֆեյք նորությունների միջոցով»,– հավելեց Հարությունյանը։

  • Կիսվել: