չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մելիքյանն ու Բեքարյանը «ֆուտուրիստական իրավաբանության» և արցախյան հարցում իշխանության «ձախողումների մասին»

Մելիքյանն ու Բեքարյանը «ֆուտուրիստական իրավաբանության» և արցախյան հարցում իշխանության «ձախողումների մասին»

Հայաստանի իշխանությունները կտրականապես չեն ցանկանում վերցնել պատասխանատվություն Արցախի հարցում։ Այս մասին «Վերնատուն» ակումբի բացման ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

«Սկզբում Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե հարցը կլուծվի հրապարակում, հետո ձեւափոխեց թե՝ ժողովուրդը կասի ինչ է ուզում ևւ այլն։ Հետո ասաց, թե չի ներկայացնում Արցախը։ Գագաթնակետը դարձավ վերջին ելույթը, թե Արցախի կարգավիճակը պետք է որոշեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Հասկացա՞ն արդյոք ԱԳՆ-ում կամ աշխատակազմում, որ սա արդեն ոչ մի կերպ չի ընկալվում»,- վրդովվեց Բեքարյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, իշխանությունները ձգտում են մոլորեցնել հասարակությանը, ընտրվում են անհասկանալի թեզեր։ Բեքարյանը առաջարկել է ակումբի նիստեր անցկացնել նաեւ Արցախում։

«Տեղում պետք է հասկանալ անհանգստությունը։ Թե չէ վիրուսը տարածվել է նաև Արցախում։ Նախագահի թեկնածուներից մեկն սկսել է խոսել սևերի ու սպիտակների մասին»,- հավաստել է Բեքարյանը։

Իր հերթին Արցախի նախկին օմբուդսմեն, իրավաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, թե այսօր մեր իրականությունում տեղի են ունենում երեւույթներ, որոնք պայմանական կարելի է անվանել ֆուտուրիստական իրավաբանություն: Ըստ նրա այդ տրամաբանության մեջ է տեղավորվում մայիսի 20-ին դատարանների արգելափակում, որովհետեւ պրակտիկայում չի եղել նման դեպք, երբ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգով դատարաններն շրջափակվեն:

Ըստ նրա ֆուտուրիզմ է նաև այն, որ ԲԴԽ-ն չարձագանքեց այս նախաձեռնությանը: Ֆուտուրիստական իրավաբանության հաջորդ դրվագն, ըստ Մելիքյանի այն էր, որ հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակեց:

«Ֆուտուրիզմ է նաև պատգամավոր Արման Բաբաջանյանի բողոքի հիման վրա գործերի հարուցումը Հրայր Թովմասյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ»,- հավաստեց նախկին օմբուդսմենը: Մելիքյանը նշեց, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ նախագիծը եւս ֆուտուրիստական տարրեր է պարունակում։

«Իրերն իրենց անունով կոչելուց հետո պետք է ինչ-որ բաներ մշակել, որոնք անտիդոտներ լինեն այս ամենին: Մեր իրավաբանությունը բավական լուրջ դիմադրություն է ցույց տալիս այս ֆուտուրիստական իրավաբանությանը»,- հավաստեց Մելիքյանը։

  • Կիսվել: