երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նույնիսկ եթե սա վեկտորի փոփոխություն է, դա կատարվում է աննկարագրելի ապիկար եւ անշնորհք  ձեւով. Կարեն Բեքարյան

Նույնիսկ եթե սա վեկտորի փոփոխություն է, դա կատարվում է աննկարագրելի ապիկար եւ անշնորհք ձեւով. Կարեն Բեքարյան

Արմեն Աշոտյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները այլ կերպ, քան քաղաքական բռնաճնշում որակելը, հնարավոր չէ։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

«Ինչպե՞ս կարող է այս ամենը ժողովրդավարության հետ որեւէ հատում ունենալ: Կարծում եմ՝ թե՛ մենք բոլորս, թե՛ մեր հանրությունը շատ լավ պատկերացնում ու գիտակցում է, թե որքանով են իրարից տարամիտում խոսքն ու գործը»,- ասաց նա։

Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացի շուրջ իրավապաշտպանների ու միջազգային կառույցների արձագանքին, Բեքարյանը ասաց․ «Հերթական անգամ քաղաքական շահերը գերակայել են արժեքների նկատմամբ։ Իրավապաշտպան, միջազգային կառույցների, երկրների կողմից, որոնք մշտապես Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտները պահել են ուշադրության կենտրոնում, այսօր տեսնում ենք քար լռություն։

Ընդ որում տեսնում ենք ոչ միայն քար լռություն, այլև հայտարարություններ, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Օրինակ, ԱՄՆ պաշտոնյաների տարբեր արտահայտություններ՝ ՀՀ-ում ժողովրդավարության վերաբերյալ։ Պատճառը հետևյալն է՝ քաղաքական շահեր՝ իշխանությանը թիկունք կանգնելու, որոնք դարձել են գերակա՝ արժեքների նկատմամբ: Այդ արժեքները ոտնահարվում են առանց որեւէ խղճի խայթ զգալու»,- ասաց Բեքարյանը։

Խոսելով հայ- ռուսական հարաբերությունների և վերջերս ռուսական առաջին ալիքով հրապարակված սկանդալային հաղորդման մասին, որտեղ անդրադարձ էր կատարվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, վերլուծաբանն ասաց․ «Այն, ինչ արել է Ռուսաստանի առաջին ալիքը, չեմ համարում նորմալ երևույթ շատ պարզ պատճառով․ ինձ համար ընկալելի ու ընդունելի չէ իշխանությունների նկատմամբ օբյեկտիվ, սուբյեկտիվ գնահատականները դարձնել վերաբերելի ամբողջ երկրին ու պետությանը։ Կա մի շատ պարզ սկզբունք՝ իշխանությունները գալիս ու գնում են, բայց ժողովուրդների բարեկամությունը պետք է լինի կայուն, սա նորմալ երևույթ չէ։

Ուրիշ հարց, որ գործող իշխանությունները  արտաքին գործընկերների հետ հարաբերությունները  ավերել են այս տարիների ընթացքում, որն ուղղակիորեն առնչվել է նաև Ռուսաստանին։ Այսօր այդ հարաբերությունները հնարավոր չէ բնականոն անվանել, ուր մնաց դրանք ռազմավարական կամ դաշնակցային անվանելը»։

Կարեն Բեքարյանի խոսքով՝ ներկա իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերությունները բնականոն հունի բերել հնարավոր չէ, «Նույնիսկ եթե սա վեկտորի փոփոխություն է, որի տարրերը մենք հստակ արձանագրում ենք, դա կատարվում է աննկարագրելի ապիկար եւ անշնորհք  ձեւով»:

  • Կիսվել: