«Ալիևյան Սահմանադրության» օրակարգի մերժման հետևանքն է, որը որևէ ազդեցություն մեր կամքի վրա չի ունենալու․ Արամ Վարդևանյան
«Օտարերկրյա պարտադրանքի պայմաններում կամ, ինչպես իրենք են ասում, նախապայմանի պայմաններում ընդդիմության վրա ճնշում բանեցնել, որ ստանան նման «դրական» դիրքորոշում, որը չեն ստանալու։ Այսինքն՝ իրենք պետք է որ այս ժամանակահատվածում հասկանային՝ Սամվել Կարապետյանի և Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ շանտաժով, ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու»,- այս մասին դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում նոր «աբսուրդային» քրեական վարույթի քաղաքական հետապնդման պատասխանատուներից մեկը՝ քննչական համապատասխան վարչության պետը, ուղիղ արձանագրեց, որ այս քրեական վարույթը հարուցված է եղել ամիսներ առաջ, բայց կալանքը տեղի է ունենում մերժմանը հաջորդած՝ հանրաքվեի վերաբերյալ խոսույթի ժամանակահատվածում։
«Ամեն ինչ այնքան պարզ է, այնքան տրիվյալ։ Մի բան էլ՝ Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ից կալանավորված է, լինի կալանքը բանտային իմաստով, թե՝ տնային,դա կալանք է։ Հետևաբար, տնային կալանքից ամեն կերպ կրկին տանել բանտային կալանքի, սա ևս որևէ մի իրավական նպատակ չի հետապնդում»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով․
«Աբսուրդ է։ Սա օտարերկրյա պետության «ալիևյան Սահմանադրության» օրակարգի մերժման հետևանքն է, որը որևէ ազդեցություն մեր կամքի վրա չի ունենալու»,- ասաց քաղաքական գործիչը։



