չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի հարցում ռիսկային իրավիճակ է ստեղծվել. Բեքարյան

Արցախի հարցում ռիսկային իրավիճակ է ստեղծվել. Բեքարյան

Քաղաքական վերլուծաբան, ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը կարծում է, որ Արցախի հարցում ռիսկային իրավիճակ է ստեղծվել հատկապես Սիրիայի խնդրով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած հակասությունների պատճառով:

«Շատ են դեպքերն այսպես ասած ռեալ պոլիտիկում, երբ կողմերից մեկի կարճաժամկետ շահը կարող է համընկնել մյուս կողմի միջնաժամկետ կամ երկարաժամկետ շահերի հետ: Եթե Թուրքիան կարող է Ղարաբաղի հարցով սադրանքի գնալ, որպեսզի իմիջ ապահովի և դեմքը պահի, չպետք է բացառել, որ սա կարող է մյուս խաղացողներին՝ այդ թվում մեզ համար, ստեղծել միջնաժամկետ շահերի բախում: Առաջին հայացքից թվում է, թե Թուրքիան է իր համար խնդիր լուծում, բայց իրականում, կարող են իրենց համար խնդիրներ լուծել առնվազն մի քանիսը»,- այսօր «Ռուս–թուրքական հարաբերությունները և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց Բեքարյանը:

Նրա խոսքով, իրավիճակը հետաքրքիր է և Թուրքիայում, և Ռուսաստանում: ՌԴ-ում, ըստ վերլուծաբանի, սահմանադրական փոփոխությունների փաթեթ է քննարկվում, իսկ Թուրքիայում Էրդողանի վարկանիշն է ընկել, մինչդեռ թե՛ Էրդողանի անձնական, թե՛ նրա քաղաքական ուժի կերպարը պահելու խնդիր կա:

«Մենք ունենք բավականին հետաքրքիր իրավիճակ Ադրբեջանում, երբ տնտեսական մի շարք գործոնների համադրումն այդ երկրում ստեղծել է մի իրավիճակ, որ շատ արդիական է ուշադրությունը շեղելու որևէ գործողության իրականացումը, իսկ նման նախադեպ եղել է: Հետաքրքիր իրավիճակ է նաև Եվրամիությունում, որը կարելի է պայմանավորել մի շարք գործոններով՝ այդ թվում նրանով, որ ԵՄ-ն հերթական անգամ մտնում է մի շրջափուլ, որտեղ իր ներքին խնդիրներն են լինելու ամենակարևորը: Եթե հետևենք ԵՄ-Թուրքիա դիալոգին, ապա կտեսնենք, թե ԵՄ-ն ինչ վտանգի առաջ է կանգնում փախստականների միգրացիոն հոսքերի առումով, որն էլ իր հերթին բերեց վերջին սրացումները Սիրիայում: Եվրոպական ավանդական դաշնակիցների առումով ունենք բավականին տրանսֆորմացվող իրավիճակ Հայաստանի՝ այս վերջին իշխանությունների տարիներին կատարած աշխատանքի առումով»,- հավելեց նա:

  • Կիսվել: