շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկուսացման նպաստ սահմանելու մասին օրինագիծը բանավեճ առաջացրեց խորհրդարնում․ օրինագծի հեղինակ իշխանական պատգամավորը հետ կանչեց այն

Մեկուսացման նպաստ սահմանելու մասին օրինագիծը բանավեճ առաջացրեց խորհրդարնում․ օրինագծի հեղինակ իշխանական պատգամավորը հետ կանչեց այն

Մեկուսացման նպաստ սահմանելու մասին «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը նաև հեղինակն է, կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի հաշվարկներ կատարելու նպատակով:

Նախագծով, հիշեցնենք, պատգամավորն առաջարկում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել:

Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

«Կառավարությունը ընդհանուր առմամբ գաղափարին և մոտեցմանը դեմ չէ, սակայն ընդհանուր կոնսենսուսի եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որ կարողանանք որոշակի հավելյալ հաշվարկներ և կանխատեսումներ անել: Կառավարության այդ առաջարկն ինձ համար ընդունելի է: Թեև հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ես հիմա կառաջարկեմ, որ դեմ քվեարկենք, և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախագիծը տեղափոխենք առաջարկությունների ներկայացման փուլ, մեկ շաբաթ կամ 10 օր դադար վերցնենք, որ կարողանանք նաև կանխատեսումներն ունենալ, հիմնավորումները հստակեցնել»,-ներկայացրեց Զեյնալյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը, որը կողմ էր նախագծին, տարակուսանքի մեջ էր՝ ի՞նչ պատահեց, որ նախագիծը հեղինակը հետ է կանչում։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ շատ ճիշտ նախագիծ է: «Հիմա հասկանում եմ, որ կամ կառավարության համաձայնությունը չի եղել, կամ կեսից փոխվել է համաձայնությունը, և նախագիծը հետ է  տարվում: Որքանով ես հասկանում եմ՝ այն կարող է ընդհանրապես չընդունվել»,-ասաց նա։ Նրա հարցին, թե ի՞նչ պատ պատճառով է հետ կանչվում նախագիծը, Զեյնալյանն ի պատասխան ասաց՝ կառավարությանը համոզել-չհամոզելու խնդիր չկա:

 

«Գաղափարը կառավարության համար ընդունելի է եղել: Որոշ հոդվածներ համատեղ են քննարկվել և մշակվել, ընդամենը որոշակի կանխատեսություն կատարելու մեջ է հարցը, թե ապագայում որքան նման դեպքեր կունենանք, և կորոնավիրուսը որքան կձգվի»,-հավելեց Զեյնալյանն ու վստահեցրեց՝ խոսքը նախագիծը շրջանառությունից հանելու մասին չէ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ բովանդակային իմաստով նախագծի հիմնավորումները կառավարության համար ընդունելի են, սակայն կան խնդիրներ, հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն:

«Եվ, եթե այդ հարցերը փորձենք մի նախադասությամբ ձևակերպել, ապա դա հետևյալն է՝ առկա են նախագծի կապակցությամբ ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ: Եվ մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում լրացուցիչ վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարել, որպեսզի որոշակի ֆինանսական կանխատեսելիություն ապահովենք»,-հստակեցրեց նա:

Նախագծի հետկանչը վրդովեցրեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որը դիմելով Նարեկ Զեյնալյանին ասաց․ «Դուք պարկեշտ մարդու տպավորություն եք գործել ինձ վրա, և հիմա տեսնում եմ՝ ինչ վատ եք Ձեզ զգում՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին»։ Ըստ Զոհրաբյանի, առաջակվող նախագիծը շատ լավն է, և կարող է լուծել այն սոցիալական լարվածությունը, որն առկա է, քանի որ մարդիկ իրենց կամքով չեն մեկուսացել կամ ինքնամեկուսացել։

«Դա պատերազմ է, և հիմա մենք կողմ ենք այս նախագծի ընդունմանը, քանի որ դրանով մարդիկ ազդակ են ստանում, որ իրենք մենակ չեն։ Նրանք պիտի տեսնեն, որ իրենք մեկուսացվել են, և իրենց մասին պետությունը հոգ է տանում՝ կատարելով իր պոզիտիվ պարտականությունը։ Այս ամբիոնից կառավարության ներկայացուցիչներն ասել են՝ փողի խնդիր մենք չունենք։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու կառավարության հետ հարցը մինչև խորհրդարան բերելը չէիք քննարկել, չէիք եկել համաձայնության։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա օրենքի նախագիծը «ջրելու» տարբերակ է, քանի որ այնպիսի բարձիթողի վիճակ է, որ ոչ ոք չգիտի՝ վաղը մեկուսացվածների ու ինքնամեկուսացվածների ինչ թվեր կլինեն»,- հայտարարեց Զոհրաբյանը։

  • Կիսվել: