հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լուիզ Մուշիկիվաբոն ստացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Լուիզ Մուշիկիվաբոն ստացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը Հայաստան այցի առաջին օրը ստացել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը։

Պետհամալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ կոչումը տրվում է Լուիզ Մուշիկիվաբոյին Երևանի պետհամալսարանի՝ հասարակական և քաղաքական ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումներին նպաստելու և Հայաստանի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ուսանողներին ներկայացրել է կազմակերպության գլխավոր նպատակներն ու ծրագրերը, ապա պատասխանել նրանց հարցերին:

«Ես այժմ կրկնակի ու եռակի հուզված եմ Երևանում իմ այցից մի քանի ժամ անց Ձեր կողքին լինելու ու այս կոչումը ստանալու համար: Նույնիսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց առաջ ես Ձեր երկրին կապված էի էմոցիոնալ բազում կապերով, քանի որ մեր երկու պետությունը շրջապատված լինելով բազում լեռնաշղթաներով  օվկիանոսներով, մեր ժողովուրդներն իրար հետ կապված են ճակատագրով, քանի որ մենք երկուսս էլ գիտենք՝ ինչ է նշանակում Ցեղասպանություն:

Ու 3 տարի առաջ Հայաստանում գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո ես կրկին այստեղ եմ՝ Երևանում, որն ինձ հաղթանակ պարգևեց»,- ասաց Մուշիկիվաբոն:

  • Կիսվել: