Լիբանանահայ բժիշկները իրենց մասնագիտությամբ աշխատանքի կանցնեն Արցախում. Զարեհ Սինանյան
Լիբանանից Արցախ ժամանած 2 բժիշկների ընտանիքների կեցության հարցը շուտով լուծվելու է. նրանք այժմ հյուրանոցում են, սակայն կարճ ժամանակահատվածում վերանորոգվելու են նրանց կացարանները: Արցախի Հանրապետության կառավարությունը հայրենադարձ բժիշկներին նաև աշխատանքով է ապահովելու: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը երեկ տեղեկացրել էր, որ երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակություն են հաստատել Արցախի Շուշի քաղաքում: Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել 100-150 լիբանանահայ ընտանիքի ընդունել: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Լիբանանում ստեղծված իրավիճակին, երեկ ընդգծել է, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է համահայկական ջանքերի ներդրումը:
- Պարո՛ն Սինանյան, լիբանանահայ ընտանիքների որոշո՞ւմն է եղել Արցախում բնակվելը:
Միանշանակ, իրենց որոշումն է եղել: Արցախի Հանրապետությունը, տեղյակ լինելով, որ լիբանանահայ մեր որոշ հայրենակիցներ որոշել են տեղափոխվել հայրենիք, նրանց առաջարկ է արել, որ պատրաստ է իրենց ընդունել և լավ պայմաններ ստեղծել կեցության համար, և ոմանք սկսել են արձագանքել:
- Արդեն լուծվե՞լ է Արցախ ժամանած բժիշկների կեցության հարցը:
- Կեցության հարցը անցումային փուլում է: Գիտենք, որ նրանք արդեն գտնվում են Շուշիում: Որքանով մենք տեղյակ ենք, այս պահին հյուրանոցում են մնում՝ մինչև կացարանները վերանորոգվեն և պատրաստ լինեն իրենց ընդունելու: Խոսքը կարճ ժամկետի մասին է:
- Ինչպե՞ս է լուծվելու հայրենադարձ ընտանիքների աշխատանքի, կրթության հարցը:
- Որքան հասկացա, Արցախի կառավարությունը արդեն լուծել է աշխատանքի հարցը: Նրանք բժիշկ են և իրենց մասնագիտությամբ են աշխատելու Արցախում:
- Պարո՛ն Սինանյան, մե՞ծ է այն լիբանանահայերի թիվը, որոնք Հայաստան գալու ցանկություն են հայտնել:
- Այս պահին մենք կապի մեջ ենք բազում դիմորդների հետ: Մարդիկ, ընդհանուր առմամբ, ուզում են գալ Հայաստան: Մենք, իհարկե, տեղեկացնում ենք, որ Արցախ գնալը ևս տարբերակ է: Այս պահին մենք արձագանք ունենք 9 ընտանիքներից: Դեսպանատունը որոշ ժամանակով ընդհատել էր դիմումների ընդունումը, բայց երկուշաբթի օրվանից նորից հավաքում է դրանք: Մեզ դիմում են գրասենյակի միջոցով, սոցիալական մեդիայով՝ «Ֆեյսբուք»-ով, «Ինստագրամ»-ով, այսինքն՝ մտքներովդ ինչ ֆորմատ որ անցնի, մարդիկ դիմում են՝ Հայաստան գալու համար:
- Այդ դիմումները ընթացքի մե՞ջ են գտնվում:
- Դիմումները ընթացքի մեջ են, մենք թիմ ունենք, որը զուտ այս խնդրով է զբաղվում: Բոլորի հետ աշխատում ենք, պարզում ենք մանրամասները, ուզում ենք հասկանալ՝ ինչ պայմաններ ունեն, ինչպես են ուզում գալ, գալուց ինչ ակնկալիքներ ունեն և այլն:
- Եթե լիբանանահայերի ներգաղթ սկսվի դեպի Հայաստան, պետությունը պատրաստ կլինի՞ օգնելու մեր բոլոր հայրենակիցներին:
- Ինչպես տեղյակ եք, մենք աշխատում ենք աջակցության փաթեթի վրա, որը, ըստ վարչապետի հանձնարարականի, պետք է շրջանառության մեջ դնենք սեպտեմբերի 1-ին: Այդ փաթեթը մեզ հնարավորություն կտա հավուր պատշաճի, արժանապատիվ ձևով ընդունել մեր այն լիբանանահայ հայրենակիցներին, որոնք որոշել են Լիբանանից մեկնել և գալ հայրենիք:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստին և վարչական շրջանի զգալի մասին ծանրագույն վնաս հասցրած ու ավելի քան հարյուր մարդու կյանք խլած հուժկու պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին:



