Ուկրաինան և Ռուսաստանը պետք է կենտրոնանան պատերազմը դադարեցնելու վրա. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուզբեկստանում է, որտեղ նախատեսվում են հանդիպումներ Կենտրոնական Ասիայի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սամարղանդում լրագրողների հետ զրույցում Ռուբիոն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կասեցմանը։ Զրույցի տեսանյութը տարածել է News Central-ը։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրների ուժեղ գործընկերը լինել, իսկ ամերիկյան ընկերությունները մտադիր են միլիարդավոր դոլարի համաձայնագրեր կնքել տարածաշրջանի երկրների հետ:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն անում է ամեն բան այն դադարեցնելու համար:
«Նա (խմբ.՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) ցանկանում է, որ այդ պատերազմն ավարտվի։ Նա այդ մասին ասել է դեռ այն ժամանակ, երբ թեկնածու էր։ Նա ասել է, որ եթե ինքն այդ ժամանակ նախագահ լիներ, պատերազմը երբեք տեղի չէր ունենա, սակայն այն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ։ Եվ հիմա մենք արել ենք այն ամենն, ինչ կարող էինք, և կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու այդ պատերազմի ավարտին։ Այդ պատերազմում ոչ ոք չի հաղթում։ Ամեն օր մարդիկ են զոհվում։ Ամեն օր պայթյուններ են տեղի ունենում։ Ամեն օր ավերածություններ են տեղի ունենում», - նշել է Ռուբիոն։
Նա միևնույն ժամանակ ընդունել է, որ իրենք չեն հասել ցանկալի առաջընթացի:
«Ակնհայտ է, որ մինչև այժմ մենք չենք հասել այնպիսի առաջընթացի, ինչպիսին կցանկանայինք, սակայն դա ջանքերի պակասի պատճառով չէ։ Նախագահը շարունակում է մեծապես հավատարիմ մնալ այդ նպատակին», - շեշտել է նա։
Ռուբիոն նաև հերքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն պնդումները, որ ԱՄՆ-ն որոշ ժամանակով դադարեցրել էր Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը:
«Չգիտեմ՝ որտեղից են գալիս այդ տեղեկությունները, կամ ինչու է նա (խմբ.՝ Զելենսկին) նման բաներ ասում մամուլին։ Կարող եք ինքներդ հարցնել նրան։ Ոչ մի դադարեցում էլ չի եղել․․․․ Բայց կրկնեմ՝ այն, ինչի վրա նա պետք է կենտրոնանա, և ինչի վրա մենք ցանկանում ենք, որ նա կենտրոնանա, այս պատերազմին վերջ դնելն է։ Ահա թե ինչի վրա պետք է նա կենտրոնանա», - շեշտել է նա։
Իսկ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կասեցումը Ռուբիոն բացատրել է նրանով, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տեսնել՝ արդյոք ներկայում ընթացող բանակցությունները կարող են դրական արդյունքներ տալ:
«Նա կրկին պարզաբանել է, թե ինչու է ձեռնարկել որոշակի քայլեր, մասնավորապես՝ 60 օրով կասեցրել է պատժամիջոցները։ Նա ցանկանում է պարզել՝ արդյոք հնարավո՞ր է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ընթացիկ բանակցությունները հանգեցնեն դրական արդյունքի՝ թույլ չտալով պատերազմի և հակամարտության ևս մեկ աղետալի տարի», - ասել է Ռուբիոն։
«Որոշ դեպքերում իրավիճակը փակուղային է, կարելի է ասել՝ լճացած հակամարտություն, որտեղ ոչ մի կողմը հստակ հաղթանակ չի տանում, սակայն երկու կողմն էլ հսկայական վնասներ են հասցնում միմյանց։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ որքան հնարավոր է, որպեսզի տեսնենք՝ արդյոք կարող ենք նպաստել դրա ավարտին», - հավելել է նա։
«Եվ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար։ Հեշտ չի եղել, քանի որ սա մի պատերազմ է, որի հիմքում, ինչպես արդեն ասացի, ընկած են այնպիսի գործոններ, որոնք շարունակում են առկա մնալ, հեշտ լուծելի խնդիրներ չեն։ Սակայն մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, և եթե կարողանանք դրական դեր խաղալ, ապա հենց դա էլ մեր հարաբերությունների իմաստն է՝ փորձել վերջ դնել այս պատերազմին», - նշել է նա։



