երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց  հայկական փորձը

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Հայաստանում դպրոցական սննդի ծրագիրը դիտարկվում է ոչ միայն որպես երեխաներին առողջ սննդով ապահովելու միջոց, այլև կրթության, կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման կարևոր բաղադրիչ։

Այս մոտեցումը ներկայացվեց Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կազմակերպված «Կրթությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ» խորագրով բարձրաստիճան պանելային քննարկմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համագործակցությամբ։

Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի, Բրազիլիայի, Կամբոջայի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Ղրղզստանի և Ռուանդայի ներկայացուցիչները, որոնք ներկայացրին դպրոցական սննդի կազմակերպման իրենց երկրների փորձը և անդրադարձան կրթության, գյուղատնտեսության ու բնապահպանության ոլորտների փոխկապակցվածությանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցական սննդի ծրագիրը Հայաստանում ունի ոչ միայն սոցիալական, այլև կրթական և բնապահպանական նշանակություն՝ նպաստելով երեխաների շրջանում պատասխանատու սպառողական վարքագծի ձևավորմանը։

«Մենք խոսում ենք առաջին հերթին ոչ միայն սնվելու և առողջ սննդի մասին, այլև դրա միջոցով հանրային վարքագծի ձևավորման մասին։ Հատկապես այնպիսի վարքագծի, որը հաշվի է առնում կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունը, կլիմայի փոփոխությունները և ենթադրում է նաև մարդու սպառողական վարքագծի վերանայում»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ դպրոցական սննդի ծրագիրը կրթական գործընթացի կարևոր մաս է։ Դպրոցներում արդեն ներդրվել է «Առողջ ապրելակերպ» պարտադիր դասընթացը, որի կարևոր բաղադրիչներից մեկն առողջ սնուցման վերաբերյալ գիտելիքների փոխանցումն է։

Անդրեասյանը կարևորեց նաև դպրոցներում ջերմատների և ինտենսիվ այգիների ստեղծման փորձը, որը հնարավորություն է տալիս երեխաներին ոչ միայն տեսական գիտելիքներ փոխանցել, այլև գործնականում ծանոթացնել սննդի արտադրության գործընթացին։

«Մենք դպրոցներում ջերմատների, ինտենսիվ այգիների կառուցման փորձառություն ունենք, որոնք օգնում են մի կողմից սովորեցնել շատ կարևոր գիտելիքներ, մյուս կողմից այս ամենը դարձնել միասնական շղթայի մաս և դպրոցներում սննդի տրամադրումը ևս ինչ-որ առումով ներառել ինքնաբավ շղթայի մեջ։ Կարծում եմ՝ բոլոր իմաստներով մեր փորձը շատ հաջողված է, և այսօրվա քննարկումը հնարավորություն կտա այն ևս մեկ անգամ ներկայացնելու»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով ծրագրի հետագա զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առաջնահերթություններից մեկը դրա ընդլայնումն է Երևանում, ինչպես նաև ընդգրկումը տարրական դասարաններից բարձր դասարաններում։

«Մեր ամենակարևոր անելիքը համարում եմ Երևանում ծրագրի ընդլայնումը։ Գիտեք, որ պետության միջոցներով մեր բոլոր մարզերի 1-4-րդ դասարանցիները ստանում են առողջ սնունդ։ Մենք խոսում ենք ավելի քան 100 հազար երեխաների մասին։ Բայց ծրագիրը պետք է ընդգրկի նաև Երևանը։ Այս տարվա սեպտեմբերից մենք սկսել ենք փորձարկումը Երևանում և այս պահին կողմնորոշվում ենք, թե որ մոդելներն ավելի հարմար կլինեն մայրաքաղաքում կիրառելու համար՝ հաշվի առնելով առանձնահատկությունները»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարն ընդգծեց, որ ծրագրի ընդլայնումը պետք է շարունակական լինի, քանի որ առողջ սնվելու անհրաժեշտությունը չի սահմանափակվում տարրական կրթությամբ։

Անդրադառնալով բնության հետ երեխաների անմիջական շփման կարևորությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախարարությունը կարևորում է արշավների, ճամբարների և բացօթյա դասերի կազմակերպումը՝ դրանք դպրոցական առօրյայի մաս դարձնելու նպատակով։

Նրա խոսքով՝ նորակառույց դպրոցներում, որտեղ տարածքային պայմանները թույլ են տալիս, նախատեսվում են նաև բացօթյա կրթական տարածքներ, փոքրիկ այգիներ և տաղավարներ, որտեղ հնարավոր կլինի դասեր անցկացնել։

Անդրեասյանի գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները նպաստում են երեխաների գործնական հմտությունների զարգացմանը՝ սովորեցնելով տեղանքում կողմնորոշվել և շրջակա միջավայրի հետ անմիջական շփման միջոցով ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ։

«Սրանք անփոխարինելի, բազային հմտություններ են՝ անկախ տեխնոլոգիական զարգացումներից։ Կարծում եմ՝ մեր յուրաքանչյուր երեխա պետք է ունենա այդ հմտությունները»,- ընդգծեց նա։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ծրագրային գործառնությունների գծով գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ երկիրը դպրոցական սննդի կազմակերպման և այն տեղական պարենային համակարգերի հետ փոխկապակցելու ոլորտում միջազգային առաջատարներից է։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ներդրված դպրոցական սննդի մոդելը վերափոխող նշանակություն ունի, քանի որ միավորում է մի շարք ուղղություններ՝ երեխաների առողջ սնուցումը, կրթության որակի բարելավումը, տեղական արտադրության խթանումը, աշխատատեղերի ստեղծումը և կենսաբազմազանության պահպանումը։

«Ցանկանում ենք, որ Հայաստանը կիսվի իր գիտելիքներով և մյուս երկրներին ցույց տա, թե ինչպես կարելի է իրականացնել նման ծրագրեր»,- նշեց Հոլինգվորթը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ երեխաները դեռ վաղ տարիքից ոչ միայն առողջ սնունդ ստանան, այլև պատկերացում կազմեն դրա արտադրության, տեղական պարենային համակարգերի, հողի առողջության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության մասին։

ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալն առանձնահատուկ կարևորեց ծրագրի ազգայնացումն ու Հայաստանի կողմից դրա իրականացումը։

«Մեր դերն աջակցելն է, բայց սա հայկական ծրագիր է։ Այն մշակվել է այստեղ և երկարաժամկետ հեռանկարում մեծ փոփոխություններ է բերելու երկրին։ Եթե ժամանակի ընթացքում յուրաքանչյուր երեխա անցնի այս համակարգով, առաջիկա տարիներին մենք շատ մեծ դրական փոփոխություններ կտեսնենք»,- ընդգծեց Հոլինգվորթը։

Նա վերահաստատեց, որ Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար։

«Հայաստանն այս մոտեցման առաջամարտիկներից է և ցույց է տալիս առաջ շարժվելու ճանապարհը։ Մենք մեծ հույս ունենք, որ կկարողանանք զարգացնել այս փորձը, որպեսզի մյուս երկրները ևս կարողանան հետևել Հայաստանի օրինակին»,- եզրափակեց նա։

Քննարկման առաջին հատվածը նվիրված էր քաղաքական առաջնորդությանը՝ հանուն կենսաբազմազանության, պարենային անվտանգության և մարդկային կապիտալի զարգացման։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող են կառավարությունները փոխկապակցել կրթության, պարենային համակարգերի և կենսաբազմազանության պահպանման քաղաքականությունները։

Առաջին հատվածում ելույթ ունեցան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Ղրղզստանի բնական ռեսուրսների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարի տեղակալ Ալմազ Մուսաևը, Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարարության ներկայացուցիչը և Մեթյու Հոլինգվորթը։

Քննարկման երկրորդ հատվածը նվիրված էր դպրոցական սննդին՝ որպես համակարգային փոփոխությունների իրականացման հարթակի։ Իրենց երկրների փորձը ներկայացրին Բրազիլիայում ՊՀԾ-ի՝ սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Կամբոջայի գյուղատնտեսության և գյուղական զարգացման խորհրդի գլխավոր քարտուղար Սոկ Սիլոն, Ռուանդայի գյուղատնտեսության և կենդանական ռեսուրսների նախարարության մշտական քարտուղար Օլիվիե Կամանան և Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության նախարարության ներկայացուցիչ Հիրոյուկի Նիշիուրան։

Մասնակիցները ևս կարևորեցին դպրոցական սննդի ծրագրերի դերը պարենային անվտանգության ապահովման, տեղական տնտեսությունների զարգացման և կենսաբազմազանության պահպանման գործում։

Քննարկումների ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի փորձը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ։ Ներկայում Հայաստանի բոլոր մարզերի պետական դպրոցների տարրական դասարանների շուրջ 104 հազար աշակերտ ամեն օր դպրոցում ստանում է առողջ, տաք սնունդ։

Քննարկման մասնակիցներն ընդգծեցին, որ պարենային անվտանգությունը, առողջ սնուցումը և կենսաբազմազանության պահպանումը փոխկապակցված են և պահանջում են համալիր մոտեցումներ։ Այս համատեքստում դպրոցական սննդի ծրագրերը դիտարկվեցին որպես երկարաժամկետ ներդրում երեխաների առողջության, համայնքների տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության գործում։

Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև վիրտուալ իրականության տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված «Կենսաբազմազանությունից՝ մինչև դպրոցական սեղան» փորձառությունը։ Այն հնարավորություն է տալիս 360 աստիճան վիրտուալ շրջայց կատարել Հայաստանի դպրոցամերձ այգիներում, ջերմատներում, գյուղացիական տնտեսություններում, հացի արտադրամասերում և դպրոցական ճաշարաններում՝ ծանոթանալով նաև ամբողջահատիկ ցորենի արժեշղթային։

Վիրտուալ փորձառությունը COP17-ի «Հայաստան» տաղավարում հասանելի կլինի հոկտեմբերի 19-30-ը՝ ամեն օր ժամը 10։00-13։00-ն և 15։00-18։00-ն։

 

  • Կիսվել: