երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ում ցեղասպանությունը չպետք է դիտվի որպես միայն հայերի մտահոգության հարց. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ԼՂ-ում ցեղասպանությունը չպետք է դիտվի որպես միայն հայերի մտահոգության հարց. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի 19.09.2023թ. նիստում։

Ելույթում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի' գործընկերներ,

Այսօր ուզում եմ պնդել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մեր հանձնաժողովի մտահոգության առարկան դառնա։ 9-ամսյա պաշարումից հետո, որն ամբողջությամբ տակնուվրա է արել քաղաքացիական կյանքը և 1991 թվականից ի վեր ստեղծված ժողովրդավարական կառավարման համակարգը,Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի անմիաջական աջակցությունը, նոր պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղում։ Այսօր ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ Իլհամ Ալիևը Հայոց ցեղասպանության նոր փուլն է սկսել:

Այս ընթացքում, երբ մեր հանձնաժողովում տեղի է ունենում նիստը, տեղեկություններ են գալիս բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին, որոնց թվում են նաև երեխաներ:

Գործընկերնե՛ր,

Մինչ մեր կազմակերպությունը շատ ջանասիրաբար իր խորին մտահոգությունն է հայտնում հակամարտության «երկու» կողմերին, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է Հայոց նոր ցեղասպանության իր պետական քաղաքականությունը, այլև իր հանցավոր վարքագծի մեջ նոր ուղիներ և միջոցներ է ներդնում։ Նման պետական քաղաքականությունը հստակ ցույց է տալիս, որ հայերը չեն կարող և չեն ապրելու մի երկրի ինքնիշխանության ներքո, որը ոչ միայն տասնամյակներ շարունակ ատելություն է քարոզում հայերի դեմ, այլև այժմ հայերի ոչնչացման արշավ է իրականացնում։

Ես չեմ պատրաստվում այսօր հանձնաժողովի անդամներին համոզել, որ այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, ցեղասպանություն է։ Ես պարզապես խնդրում եմ ձեզ կարդալ համապատասխան գիտնականների, իրավաբանների և կազմակերպությունների եզրակացությունները, որոնք ի մի եմ բերել ձեզ համար «Կանգնեցրե՛ք Հայոց նոր ցեղասպանությունը» գրքույկում: Այդ դեպքում ձեզնից շատերը կարող են զուգահեռներ անցկացնել Ղարաբաղում տիրող իրավիճակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական քաղաքականության միջև: Անկախ այն բանից, թե ինչպես եք գնահատելու դա՝ ֆաշիզմ, թե ցեղասպանություն, այն պետական քաղաքականություն է, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանը։

Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը չպետք է դիտվի որպես միայն հայերի մտահոգության հարց։ Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի և նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետերի համար։

Ուստի, եթե միջազգային հանրությունը չունի Ադրբեջանին սթափեցնելու կարողություն կամ կամք, մենք պետք է մեկուսացնենք Բաքվում գոյություն ունեցող ռեժիմը։ Այդ ռեժիմը պետք է անտեսվի ժողովրդավարական աշխարհի կողմից ճիշտ այնպես, ինչպես նա է անտեսում քաղաքակիրթ աշխարհը, միջազգային դատական ինստիտուտները և մեր կազմակերպությունը:

Ադրբեջանը պետք է ենթարկվի պատժամիջոցների, և նրա անդամակցությունը Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի։ Մենք չպետք է անգործության մատնվենք միայն այն պատճառով, որ այս առաջարկությունը չի գալիս Հայաստանի կառավարությունից։ Անգործությունը տապալում է մեր կազմակերպության նպատակը: Եթե իրական փոփոխություններ չլինեն, շատ շուտով ստիպված կլինենք ընդունել այս կազմակերպության գաղափարական մահը: Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը փոխարինվում են նոր հարթություններով, այն է՝ ավտորիտարիզմի հանդուրժում, մարդու իրավունքների ընտրողական պաշտպանություն և աշխարհաքաղաքական նպատակահարմարություն»:

  • Կիսվել: