կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Կրել նման կորուստներ ոչնչի դիմաց կամ մեկ-երկու դիրքի, գյուղի դիմաց, այս պահին տոտալ պարտություն է. Եղոյան

Կրել նման կորուստներ ոչնչի դիմաց կամ մեկ-երկու դիրքի, գյուղի դիմաց, այս պահին տոտալ պարտություն է. Եղոյան

Այլևս Ադրբեջանը չի որոշում՝ հարձակվի, չհարձակվի, նահանջի, թե հրադադար հաստատի: Այդ որոշումները կայացվում են Թուրքիայում, և մեծ հաշվով տարօրինակ չէ, որ հիմա Թուրքիան հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Նա ընդգծեց, որ հարձակումը ձեռնարկած Ադրբեջանը մեծ կորուստներ է կրում, ինչը այս պահին հակառակորդի համար պարտություն է:

«Կրել նման կորուստներ ոչնչի դիմաց կամ մեկ երկու դիրքի, գյուղի դիմաց, այս պահին տոտալ պարտություն է: Դրա համար իրենք փորձում են հնարավորինս բարելավել իրենց դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի կորուստների թիվը, իրենք գոնե իրենց հասարակությանը ներկայացնելու ինչ-որ բան ունենան: Այն, ինչ հիմա ունեն, ռազմագիտական առումով համեմատելի չէ իրենց ունեցած կորուստների հետ»:

Պատգամավորը անդրադարձավ նաև Արցախի անկախության թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ճանաչել է Արցախի անկախությունը: «Մենք միջպետական վարկ ենք տրամադրել Արցախին, մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, այսինքն՝ մենք փաստացի գտնվում ենք հարաբերությունների մեջ: Եթե այլ երկրներ էլ ճանաչեն, բարձր մակարդակով պատվիրակություններ գան Արցախ, համագործակցության այնպիսի ձևաչափ ստեղծվի, ինչը մենք ունենք Արցախի հետ, դա մեծ առաջընթաց կլինի»:

Եղոյանը նաև նշեց, որ Ռուսաստանը կառուցողական դեր ունի Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:

  • Կիսվել: