չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Երրորդ երկրները կա՛մ հրաժարվել են, կա՛մ իրենց ասել են՝ հեռո՛ւ խաղացեք. Միրզոյանը՝ Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու մասին

Երրորդ երկրները կա՛մ հրաժարվել են, կա՛մ իրենց ասել են՝ հեռո՛ւ խաղացեք. Միրզոյանը՝ Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու մասին

Կարող եմ հերթապահ նախադասություններով պատասխան տալ, բայց սա այն հարցն է, որը լուծում է պահանջում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի վերադարձի շուրջ աշխատանքների ընթացքին:

Նրա խոսքով՝ պահվող անձանց առկայությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը, եթե ոչ՝ հակառակը, և որ նրանց ազատ արձակման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը երբեք չեն դադարում:

«Ինչո՞ւ չեմ կարողանում երաշխավորված և վստահությամբ ասել՝ կլինի, որովհետև դա մի բան է, որը մեզնից չէ կախված: Այն, որ մենք չենք դադարեցնելու այդ ուղղությամբ ջանքերը, այն, որ ես չեմ հասկանում՝ ինչու այդ հարցը չի լուծվում, իրո՛ք, չեմ կիսում մոտեցումները, բացատրություններն իրենց կողմից, իրենք էլ ինչ-որ բացատրություններ են ասում, դա դեռ չի նշանակում՝ չենք անում: Ուղղակի սա այն հարցն է, որի մասին, իրո՛ք, պատշաճ էլ չեմ համարում խոսել:

Այստեղ մի բան կարող է լինել՝ արդյունք կա՞, թե՞ չկա: Ինչ-որ փուլերում արդյունք եղել է, իսկ հիմա, որ ամիսներ է, համարյա տարի է՝ չկա որևէ խմբի, անհատի ազատ արձակում: Ասեմ, որ աշխատում ենք, իրոք աշխատում ենք»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀ-ն Ադրբեջանում պահվող անձանց ազատ արձակման մասով երրորդ երկրի դիմե՞լ է, Միրզոյանը պատասխանեց՝ չի աշխատել դա:

«Ինչքան էլ, օրինակ, դավադրաբանական տեսությունների տակ լինեք, պիտի այստեղ այդպես չմտածեք: Ի՞նչ եք կարծում, կա՞ հնարավորություն՝ իքս՝ երրորդ երկրով հարց լուծելու, և մենք չե՞նք անում: Ամենաշահագրգիռը մենք ենք (հումանիտար հարցը՝ մի կողմ), որ հարցը լուծվի, ու մեզ բան չլինի: Կա մի հնարավորություն, որ մենք չենք անո՞ւմ: Մնացածը լեգենդներ են:

Ձեր ասած երրորդ երկրներին դիմել ենք, երրորդ երկրներն էլ կա՛մ հրաժարվել են, կա՛մ իրենց ասել են՝ հեռո՛ւ խաղացեք: Դա է իրականությունը»,-նշել է Միրզոյանը:

  • Կիսվել: