ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Զարուհի Բաթոյանի նկատմամբ կկիրառի վարչական տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Զարուհի Բաթոյանի նկատմամբ կկիրառի վարչական տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով: Տեղեկությունը հայտնում է Հանձնաժողովի լրատվական ծառայությունը:
 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները:
 
Ի պատասխան Հանձնաժողովի՝ բացատրություններ ներկայացնելու խնդրանքին՝ Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ իր կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա, և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք։ Այդ հիմքով Զարուհի Բաթոյանը խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ տեխնիկական բացթողում և թույլատրել 2018 թվականի տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել 7.515.233 ՀՀ դրամ։
 
Նշվում է, որ, այնուամենայնիվ, Հանձնաժողովը վերահաստատել է, որ հայտարարագրման ենթակա տվյալները հայտարարագրելիս բոլոր դաշտերը, առանց որևէ բացառության, պարտադիր ենթակա են լրացման:
 
Տուգանքը վճարելուց հետո Զարուհի Բաթոյանին տրամադրվելու է 7 աշխատանքային օր՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձնաց 2018 թվականի տարեկան հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում համապատասխան ուղղում կատարելու համար:

  • Կիսվել: