Կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, վիրուսն է դարձել մահվան պատճառ․ վարչապետը՝ մահացության ցուցանիշի մասին
Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ մենք մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019-ին։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հունիսի 1-ի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով պակաս մահ, քան 2019-ի հունիսի 1- դրությամբ: Այս տարի հունիսի 1-ի դրությամբ քաղցկեղից մահացել է 2307, նախորդ տարի՝ 2213 մարդ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ այս պատկերի բացատրությունը հետևյալն է՝ քաղցկեղով հիվանդների մեծ մասը վարակվել է կորոնավիրուսով, և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, վիրուսն է դարձել մահվան պատճառ:
Վարչապետը տեղեկացրեց, որ 2019-ի հունիսի 1-ի դրությամբ շնչառական տարբեր հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1062 մարդ: Պատճառն, ըստ նրա, նույնն է՝ մահը վրա է հասել կորոնավիրուսից:
«Մահերի ցուցանիշը նվազել է, քանի որ շատերը, որոնք հոսպիտալացվել են կորոնավիրուսի պատճառով, բուժվել են կամ վիճակը բարելավվել է»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա ասաց, որ այս պայմաններում խնդիրը մեկն է՝ կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներին պատշաճ բուժօգնություն ցույց տալ, որպեսզի հիվանդները լինեն այնքան, որ տեղավորվեն հիվանդանոցներում:
Ըստ վարչապետի, կան խնդիրներ՝ նախ՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ իր ընտանիքը բարեհաջող կհաղթահարի հիվանդությունը, քանի որ անկանխատեսելի հիվանդություն է, և երկրորդ՝ քանի մարդ իրենց հարազատներից կարող են վարակվել, քանիսին կարող են կորցնել:
«Սա է կորոնավիրուսի ամբողջ նենգ բանաձևը»,- ընդգծեց Փաշինյանը:
«Եթե ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ խիստ սահմանափակումների, կյանքը կանգ է առնելու իր բոլոր տնտեսական և սոցիալական հետևանքներով»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ շատ երկրներ գնացել են այդ ճանապարհով, և թվերը խիստ սահմանափակումների արդյունքում այլ են եղել, շատ ավելի քիչ, բայց կարևոր է այն, որ եթե անգամ վարակման թվերը Հայաստանում հասցվեն զրոյի, միևնույն է՝ վարակն աշխարհում շարունակելու է գոյություն ունենալ, և խիստ սահմանափակումներից հետո, երբ երկիրը սկսի նորից բացվել, վարակը կրկին կսկսի տարածվել, և մենք կհայտնվենք նոր խիստ սահմանափակումներ հայտարարելու խնդրի առաջ։


