ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա»-ի պատվաստանյութը կփորձարկվի 30 000 կամավորների շրջանում

Կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա»-ի պատվաստանյութը կփորձարկվի 30 000 կամավորների շրջանում

Սփյուռքահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած ամերիկյան «Մոդեռնա» ընկերության՝ կորոնավիրուսի դեմ արտադրած պատվաստանյութի առաջին փուլի փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ այն անվտանգ է և առաջացնում է իմունային պատասխան:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Պատվաստանյութի կլինիկական փորձարկման փուլերում 18-ից 55 տարեկան 45 առողջ անձինք 28 օր ընդմիջումով երկու պատվաստում են ստացել՝ 25 մկգ, 100 մկգ և 250 մկգ դեղաչափերով: Նախնական դեղաչափերի մասնակիցներից ստացված արդյունքները վերահաստատել են, որ նրանց մոտ, որոնք ստացել են երկու պատվաստում, mRNA-1273- ն առաջացրել է արագ և ուժեղ իմունային պատասխաններ SARS-CoV-2- ի դեմ:

mRNA-1273- ը ընդհանուր առմամբ անվտանգ է, և 57 օրվա ընթացքում որևէ լուրջ կողմնակի ազդեցության մասին չի հաղորդվել: Կողմնակի ազդեցությունները հիմնականում եղել են անցողիկ և մեղմ:100 մկգ դեղաչափով երկրորդ պատվաստումից հետո ամենատարածված կողմնակի ազդեցություններն են եղել հոգնածությունը (80%), սարսուռը (80%), գլխացավը (60%) և մկանային ցավը (53%), բոլորն էլ եղել են անցողիկ և մեղմ: 100 մկգ դեղաչափ ստացածների մոտ ամենատարածված ոչ ցանկալի դսրևորումն է եղել ցավը՝ ներարկման տեղում (100%):

Առավել ուշագրավ ոչ ցանկալի դսրևորումներ են դիտվել 250 մկգ դեղաչափ ստացածների մոտ, այդ 14 մասնակիցներից երեքը (21%) հայտնում են ավելի ծանր դրսևորման մասին, գրում է Արմենպրեսը:

ԱՄՆ-ի կառավարությունը Moderna-ի պատվաստանյութի ստեղծմանը աջակցում է՝ տրամադրելով մոտավորապես կես միլիարդ դոլար, և այն ընտրել է առաջիններից մեկը մարդկանց վրա լայնածավալ փորձարկումներ կատարելու համար։

Moderna-ն առաջին ընկերությունն է, որ անցած մարտին սկսեց պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա, հայտնում է Ազատությունը։

Փորձարկումների երկրորդ փուլը սկսվել էր մայիսին։ Ակնկալվում է, որ Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունը փորձարկումների 3-րդ փուլի մեջ կմտնի այս ամսվա վերջին։ Երրորդ փուլի փորձարկումներում ընդգրկվելու են շուրջ 30 հազար կամավորներ։

Աշխարհում կորոնավիրուսի լայնածավալ տարածման, որոշ վայրերում կրկնակի բռնկումների ֆոնին ավելի հրատապ է դառնում հիվանդության դեմ պատվաստանյութի, դեղամիջոցի հայտնագործումը, որը նախ անվնաս լինի և օգնի կանխելու, հաղթահարելու կորոնավիրուսը։

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը մոտենում են 13,5 միլիոնին։

Վարակվածներից ավելի քան 7 միլիոն 800 հազարը բուժվել է, մահացել է 580 հազարից ավելի մարդ։ Շուրջ 5 միլիոնի բուժումը ընթացքի մեջ է, որոնց թվում՝ տասնյակ հազարավոր հիվանդներ գտնվում են ծանր վիճակում։

  • Կիսվել: