Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են նվազեցնել մաքսատուրքերը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են փոխադարձաբար 30 միլիարդ դոլարի չափով նվազեցնել մաքսատուրքերը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով։ Այս մասին հայտնել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Պեկինն ու Վաշինգտոնը նաև մինչև 2027 թվականի հունվարի 10-ը երկարաձգել են երկկողմ առևտրային «հրադադարը», որը հայտնի է որպես Բուսանի համաձայնություն։
Կողմերը պայմանավորվել են նաև նոր երկխոսություն սկսել արհեստական բանականության շուրջ՝ քննարկելու դրա զարգացման հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները։
Սի Ծինփինի այցի ընթացքում հայտարարվել է նաև, որ Չինաստանը Ատլանտայի կենդանաբանական այգուն երկու մեծ պանդա է տրամադրելու։
«Պանդան միշտ եղել է չինացի և ամերիկացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշը», - Սպիտակ տանը հայտարարել է Սի Ծինփինը՝ նշելով, որ Պին Պին և Ֆու Շուան անուններով պանդաները շուտով կտեղափոխվեն Ատլանտա։



