Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Ըստ ԱՄՆ հետախուզական համայնքի՝ Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման ծրագիր սկսելու հնարավորությունը, հայտնում է The Washington Post պարբերականը՝ ընդգծելով, որ այս գնահատականը ներառված է ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված գաղտնի փաստաթղթերում։
Նշվում է, որ պարբերականի աղբյուրներն ԱՄՆ պաշտոնյաներ են, որոնք խոսել են անանունության պայմանով։ Նրանք հայտնել են, որ գնահատականը Կոնգրեսին է ներկայացվել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի ուսումնասիրման շրջանակում։
Հուլիսին ստորագրված համաձայնագիրը ամերիկյան ընկերություններին թույլ է տալիս Սաուդյան Արաբիայում տասնյակ միլիարդավոր դոլարների միջուկային էներգետիկ նախագծեր իրականացնել։ Համաձայնագրով ուրանի հարստացման մակարդակը սկզբում սահմանափակվում է 5 տոկոսից ցածր ցուցանիշով։ Սակայն լրացուցիչ ուսումնասիրությունից և գրավոր համաձայնությունից հետո այն կարող է բարձրացվել մինչև 20 տոկոս։ Այդ մակարդակը դեռևս զենքի համար անհրաժեշտ հարստացման աստիճան չէ, սակայն դրանից զենքային մակարդակի հասնելը զգալիորեն ավելի արագ է։



