հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ՀՀ ԱԺ փոխխոսնակին ներկայացրել է պատերազմից հետո կատարված աշխատանքը

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ՀՀ ԱԺ փոխխոսնակին ներկայացրել է պատերազմից հետո կատարված աշխատանքը

ՀՀ Աժ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:

Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կաքը:
 
«Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ  պատասխանատու գործում: Կարևորելով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի գործունեությունն այս դժվարին իրավիճակում՝ ԱԺ փոխնախագահը նաև իր երախտիքն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանն սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում:
 
Թիերի Ռիբոն մանրամասներ է  ներկայացրել պատերազմական գործողությունների ավարտից հետո  իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների վերաբերյալ:
 
Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք և անկողմնակալ կազմակերպություն, մասնակցել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին, հանդիպել է հայ ռազմագերիների հետ, ծանոթացել նրանց պահման պայմաններին: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է  իր միջնորդական մարդասիրական առաքելությունն իրականացնել»,- հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Խորհրդարանի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմանում օժանդակելու կառույցին՝ աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կատարելու համար:

  • Կիսվել: