երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խորհրդակցեցինք խորհրդարանական երկու խմբակցությունների հետ, իրենք պատրաստ են իմփիչմենթի գործընթաց սկսելու. Բագրատ Սրբազան

Խորհրդակցեցինք խորհրդարանական երկու խմբակցությունների հետ, իրենք պատրաստ են իմփիչմենթի գործընթաց սկսելու. Բագրատ Սրբազան

Խորհրդակցեցինք խորհրդարանական երկու խմբակցությունների հետ։ Իրենք պատրաստ են իրենց պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու, իմփիչմենթի գործընթաց սկսելու։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

՛՛Վաղվանից առավոտը ժամը 10-ից բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք անցկացնելու:

Դիմում եմ բոլոր ուսանողներին, բուհերին, բոլոր այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում, ժողովորդ ջան, բոլոր ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու, երիտասարդությունն այստեղ լեփ-լեցուն է, առանց ագրեսիայի, մի քանի օր ընդամենը, մեր ժողովրդին մարզերում...

Այս գիշեր հետ գնացեք, վաղը ամբողջ հանրապետության տարածքում պետք է ճնշում լինի, որպեսզի այս մարդիկ հասկանան, որ առանց ժողովրդի ի՞նչ է տեղի ունենում՛՛,-ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով, որ ինքն այս գիշեր մնալու է հրապարակում:

՛՛Ինչքան մարդ ցանկանում է մնալ, թող մնա, ովքեր հոգնել են, թող գնան, բայց պայմանով, որ առավոտյան տասին կվերադառնան՛՛,-նշեց նա:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացրել ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, Իշխան Սաղաթելյանը եւ այլք։ Նրանց միացել է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: