չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խաղաղությունն ու սահմանազատումն ավելի շատ անհրաժեշտ են Հայաստանին. Ադրբեջանի ԱԽ քարտուղար

Խաղաղությունն ու սահմանազատումն ավելի շատ անհրաժեշտ են Հայաստանին. Ադրբեջանի ԱԽ քարտուղար

Երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հայ հասարակության կոչերը հույս են տալիս, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կձգտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։

Նա նշել է, թե իբր խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը Հայաստանին այժմ ավելի շատ են պետք․ «Մեր սահմանները վերցվել են լիակատար վերահսկողության տակ, ռազմավարական դիրքերը, որոնք կարող են սպառնալ անվտանգությանը, գտնվում են մեր զինվորականների լիակատար վերահսկողության ներքո», - ասել է Ուսուբովը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այժմ ձևավորում է անվտանգության նոր համակարգ ոչ միայն մեր երկրի, այլև ողջ կովկասյան տարածաշրջանի համար», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ռամիլ Ուսուբովը՝ շեշտելով, որ Ալիևը նաև տարածաշրջանի համար «նոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական քարտեզ է ձևավորում»։

Ուսուբովը նշել է, որ այժմ «խաղաղություն և անվտանգություն է տիրելու կովկասյան տարածաշրջանում, որ իր հերթին մեծացնելու է տնտեսական, առևտրային ներուժը»։

«Զանգեզուրի միջանցքի» բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ողջ տարածաշրջանի զարգացման համար և մեծ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին», - ասել է Ադրբեջանի ԱԽ քարտուղարը։

  • Կիսվել: