շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կեղծ փաստարկի «կախարդանքը»

Կեղծ փաստարկի «կախարդանքը»

Վազգեն Մանուկյանն իրեն հարց է առաջադրել՝ ու՞մ կտար քվեն, եթե արցախցի լիներ, ապա սահմանել այն սկզբունքները, որով ինքը կառաջնորդվեր:

Առաջինը, բնականաբար, անվտանգությունն է, եւ «Արցախի նախագահը պետք է ունենա որոշակի փորձառություն անվտանգության հարցում, ռազմական գործում եւ վայելի ժողովրդի վստահությունն այս հարցերում»:

Մանուկյանը եւս երեք սկզբունք է նշել, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, սակայն դրանց անդրադառնալու հարկ, ըստ նրա, չկա, քանի որ էական չեն:

«Ի վերջո, նա գտնում է, որ միայն Վիտալի Բալասանյանն է բավարարում բոլոր սկզբունքներին, եւ ինքն անվարան կքվեարկեր նրա օգտին: Ըստ էության, Վազգեն Մանուկյանի հիմնական ուղերձն արցախցիներին հենց դա է՝ քվեարկել հօգուտ Վիտալի Բալասանյանի, քանի որ նա անվտանգության հարցում եւ ռազմական գործում որոշակի փորձառություն ունի, եւ վայելում է ժողովրդի վստահությունը: Արցախյան պատերազմի մի վճռական շրջանում Վազգեն Մանուկյանը Հայաստանի պաշտպանության նախարարն էր, մինչ այդ եղել է վարչապետ:

Նա փորձառու քաղաքական գործիչ է եւ գերազանց գիտի, որ Արցախի անվտանգության հարցը երբեք Ստեփանակերտում, արցախյան դաշտային հրամանատարների եւ քաղաքական էլիտայի մակարդակով չի կարգավորվել, չի կարգավորվում այսօր եւ չի կարգավորվելու նաեւ վաղը կամ ավելի հեռավոր ապագայում: Եւ սա աքսիոմա է, որ վաղուց ձեւակերպված եւ ներկայացված է միջազգային հանրությանը՝ Հայաստանի հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է: Այդ հարցում ժողովուրդը չի կարող վստահել որեւէ գործչի, որքան էլ նրա անցած մարտական ուղին փառապանծ լինի:

Նախագահի նախընտրած թեկնածուին քարոզելու մեջ արտառոց ոչինչ չկա: Մերժելին կիրառվող քաղտեխնոլոգիան է, երբ արցախյան հանրությանն ուղղակի կամ ենթատեքստային հղումներ են արվում, որ եթե Վիտալի Բալասանյանը նախագահ չընտրվի, ապա «կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ հայոց պետականությունն առհասարակ»: Դա, իհարկե, գործնականում չի աշխատում: Մնում է դառնության նստվածքը: Որ անկախ պետության գրեթե երեսնամյա ճանապարհ անցած Արցախն այսօր էլ ոմանց կողմից դիտվում է իբրեւ քաղաքական կանխագծումների պոլիգոն»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: