չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սաղաթելյանը հայտարարել է մայիսի մեկից իրենց պայքարի վերջնական փուլը սկսելու մասին

Սաղաթելյանը հայտարարել է մայիսի մեկից իրենց պայքարի վերջնական փուլը սկսելու մասին

Օրվա իշխանությունների այն հույսերը, որ այլեւս հայ ժողովրդին Արցախը չի հետաքրքրում եւ կմարսեն այն ապօրինությունը, որն անելու են, այլեւս հօդս է ցնդել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում իրազեկման երթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ժողովուրդը ոտքի է կանգնել, պատրաստ է պաշտպանելու իր իրավունքները, Արցախը, Հայաստանը։ Այլեւս իրենք չեն տիրապետում իրավիճակին, առաջիկա օրերին շատ հստակ իրենց մաշկի վրա կտեսնեն, կզգան։ Ժողովուրդն անվտանգություն է ուզում, բարեկեցություն, ուզում է հայրենիք ունենալ ու քաջգիտակցում է, որ այստեղ Հայաստանի լինելիության հարցն է, դրա համար ոտքի է կանգնել, մենք գնալու ենք մինչեւ վերջ՛՛:

Սաղաթելյանն անդրադարձավ դիտարկմանը, որ վաղը իշխանությունները նախատեսում են քաղաքացու օրվա կապակցությամբ ակցիա կազմակերպել: Այս համատեքստում պատասխանելով հարցին, թե արդյոք չունի՞ մտավախություն, որ բախումներ տեղի կունենան, Սաղաթելյանն ասաց. ՛՛Ի՞նչ բախում լինի։ Ժողովրդի ուժն անկասելի է։ Ես չեմ բացառում, որ իրենք սադրանքների դիմեն, բայց պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ, անցնցում, խաղաղ, որքան հնարավոր է արագ հեռանան՛՛։

Նա նաեւ հավելեց. ՛՛Ամսի մեկից մենք սկսում ենք մեր պայքարի վերջնական եւ կարեւոր փուլը՛՛։

 

  • Կիսվել: