շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունն այժմ ծանր խնդրի առաջ է կանգնած. Մարուքյան

Կառավարությունն այժմ ծանր խնդրի առաջ է կանգնած. Մարուքյան

«Մոտ երկու ամիս է, ինչ նույն վիճակն է՝ բանկերի մոտ նույն հերթերն են, թոշակները նույն ձևով տրամադրվում են և որևէ մեկն այդ հարցով չի զբաղվել»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված ֆեյսբուքյան հրապարակումներին, հրապարակած տեսանյութերին։

Ըստ նրա, հիմա այդ նկարները տեղադրել ու ասել, թե իբր այդ ամենը նոր է եղել, ճիշտ չէ։

«Դա այդպես չէ, երկար ժամանակ այդ վիճակն է։ Ժամանակի ընթացքում համապատասխան մարմիններն իրենց վրա դրված պարտավորությունները չեն արել։ Օրինակ, մարզպետարաններ,  համայնքապետարաններ, միայն ոստիկանությունը չպետք է այդ գործողություններն իրականացներ։ Հիմա լավ է ուշ, քան երբեք»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ քիչ առաջ խոսել է ԿԲ նախագահի հետ և քննարկել են այդ հարցը, նա ասել է, որ ակտիվ զբաղվում են։ Այսինքն, ըստ նրա, որտեղ հնարավոր է կանխել կուտակումները, պետք է անել։

Մարուքյանը նաև ասաց, որ տարբեր ռեստորանների էջերով տեսել են բազմաթիվ ծնունդների, կնունքների, հարսանիքների անցկացում և հարց է բարձրացնում՝ համապատասխան մարմինները հետևե՞լ են, տեսնեն՝ նման բան տեղի է ունենում, թե ոչ։

Հարցին՝ կարիք չկա՞ արդյոք նորից խիստ սահմանափակումներ կիրառելու, Էդմոն Մարուքյանը նշեց, որ խիստ սահմանափակումներ կարելի է կիրառել, եթե մարդկանց տրվի ապրելու միջոց, օրինակ՝ նրանց փոխարեն վճարեն կոմունալները, գումար տրվի, որ մարդիկ ապրեն։

«Չեն կարող տոտալ կարանտին մտցնել, բայց մարդկանց ապրելու համար գումար չտալ։ Հետևաբար, Կառավարությունն այժմ ծանր խնդրի առաջ է կանգնած, եթե կարանտին մտցնի, ապա պետք է աջակցի, իսկ դրա համար միջոցներ են պետք։ Եթե կարիքը լինի, դա էլ պիտի լինի, բայց ողջամտության սահմաններում։ Եթե առաջարկ կա, որ երկու շաբաթով ամեն ինչ տոտալ փակվի, դա ողջամիտ ժամկետ չէ, քանի որ այսօրվա վարակվածը 14 օր հետո է իմանալու այդ մասին։ Ես կարծում եմ, որ եղած սահմանափակումները ճիշտ կիրառելու մեջ է, բանալին՝ ոսկե միջինը գտնենք: Ոչ թե սահմանափակումներն ունենաք թղթի վրա, իրական կյանքում այլ բան լինի»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև նշեց՝ համավարակի համար պատասխանատուները պետք է ընդունեն, որ այն քաղաքականությունը, որ ներդրել ու կիրառել են, ունեն բացթողումներ, հետևաբար այդ մարդիկ պետք է ազատվեն:

«Այն մահերի թիվը, որ ունենք, ակնհայտ է, որ առանց պատասխան տալու անհնար է էջը թերթել: Բայց հիմա նախ պետք է դուրս գալ այս իրավիճակից, նոր խոսել այդ մասին: Չեմ կարծում, որ հիմա դրա ժամանակն է»,- ընդգծեց պատգամավորը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, որ բերել է այս կառավարությանը, և հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չի, Էդմոն Մարուքյանն ասաց.

«Ես դեռ երեկ եմ ասել, որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չի: Ժամանակը կգա, ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծենք ևմեղավորներին բոլորին կկանչենք կխոսենք այդ ամենի մասին: Հիմա մեղավորներ փնտրելու, հիմա մեղքը ժողովրդի վրա բարդելու ժամանակն էլ չի: Պետք է յուրաքանչյուրն իր օրինակով այս իրավիճակի վրա ազդեցություն ունենա»:

  • Կիսվել: