երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կառավարության որոշմամբ  համայնքների աջակցության չափը կմեծանա

Կառավարության որոշմամբ համայնքների աջակցության չափը կմեծանա

Կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Տարեցտարի տարբեր քննարկումների արդյունքում անընդհատ փոփոխություններ ենք անում: Այս տարի մոտ 10 փոփոխություն ենք առանձնացրել՝ նպատակ ունենալով բարելավել ծրագրերը: Նախորդ տարիներին կային սահմանամերձ համայնքներ, բարձրլեռնային համայնքներ՝ նույն տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել և Կառավարության կողմից տրվող աջակցության չափը մեծացնել:

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին՝ հաշվի առնելով Կառավարության մտադրությունը՝ համայնքներում մանկապարտեզների կառուցմանը տեմպ տալու, այստեղ Կառավարության աջակցությունը մեծացնելու: Տոկոսադրույքները հստակ փոխվել են: Մինիմում շեմը սահմանվել է 70 տոկոս, անկախ մայրաքաղաքից բնակավայրի հեռավորության, իսկ բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքներում՝ մինչև 80  տոկոս»,- ասաց Սանոսյանը:

Նրա խոսքով՝ համայնքները կառավարությանը հիմնականում դիմում են ոռոգման և խմելու ջրի համակարգերի, ինչպես նաև ասֆալտապատման ծրագրերի հարցով:

Այս ուղղություններով ևս աջակցության տոկոսը բարձրացել է: 

Նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի աջակցման գործում նոր ուղղություն է ավելացվում:

«Համայնքներում բացակայում է  գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն՝ այսպիսով առաջարկելով, որ կառավարությունը համայնքների հետ մասնակցություն ունենա այս ծրագրի իրականացմանը»,-ասաց նախարարը:

Այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ կարևոր է եռակողմ աշխատանքը: Դաշտում հետաքրքրված ընկերություններ նույնպես կարող են մասնակից դառնալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ ճանապարհների կառուցման գործընթացում որպես կարևոր բաղադրիչ պետք է հաշվի առնվի մալուխների ենթակառուցվածքը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ապաստարանների վերանորոգմանն ու կառուցմանը: Նախարարը նշեց, որ համայնքներին հնարավորություն կտրվի կառավարության աջակցությամբ իրականացնել այդ ծրագրերը:

«Մյուս կողմից կառավարությունը կմեծացնի իր մասնաբաժինն այն ծրագրերում, որոնց համար համայնքներն ամենաշատն են դիմում: Խոսքն ասֆալտապատման, ջրագծերի կառուցման մասին է»,-հավելեց նախարարը:

Գնել Սանոսյանը նկատեց, որ տարբեր գործառույթներով տարբեր մարմիններ աշխատանքներն ընդունելու որոշակի ընթացակարգ ունեն: Նախատեսվում է ծրագրերի ավարտից մեկ տարի հետո մշտադիտարկել դրանք, խնդիրների դեպքում համապատասխան որոշումներ ընդունելու համար:

Կարևորելով փոփոխությունները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ առաջիկա 5 տարում մտադիր են կառուցել 500 մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված փոփոխությունները հենց այդ նպատակի իրականացմանն են ուղղված:

«Այս փոփոխությունների առիթը մեր ծրագիրն է: Հանրապետությունում առաջիկա հինգ տարում 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Մենք փոփոխություն ենք իրականացնում, որ մանկապարտեզների ծրագրերում կառավարությունը համաֆինանսավորի 70-80 տոկոս: Նշենք նաև, որ շահագործումից հետո համայնքն ինքը պետք է հոգա մանկապարտեզի ծախսերը: Հաջորդ փոփոխությունը դեպի արոտներ տանող ճանապարհներին է վերաբերում: Այստեղ նույնպես բարելավումների կարիք կա: Արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է: Այժմ մենք խրախուսում ենք, որ ճանապարհային ցանց ձևավորվի և ներդրումային հետաքրքրություն առաջանա»,-հավելեց վարչապետը՝ կարևորելով նաև մոնիտորինգի բաղադրիչը:

 

  • Կիսվել: