կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Իսրայելը ՀՀ-ին էլ է զենք առաջարկել, մենք հրաժարվել ենք»․ դեսպան Արմեն Սմբատյան

«Իսրայելը ՀՀ-ին էլ է զենք առաջարկել, մենք հրաժարվել ենք»․ դեսպան Արմեն Սմբատյան

«Իմ հետկանչումը դիվանագիտական քայլ էր։ Գիտեք, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին»,-Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ Հայաստանի hրեական համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառման ժամանակ Aravot.am-ի եւ Armenpress-ի հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, որը պատերազմի ժամանակ հոկտեմբերին ՀՀ ԱԳՆ որոշմամբ հետ էր կանչվել։

Արմեն Սմբատյանը նշեց․ «Բայց հասկանանք, որ զենքը վաճառվում է բոլորին։ Ազատ շուկա է, բոլորին վաճառում են։ Մեզ էլ է առաջարկվել։ Բարոյական խնդիրներ կային, որովհետեւ շատերը մահացան այդ զենքից։ Բայց օգտագործվել է նաեւ ռուսական, թուրքական, չեխական զենք։ Ինչ զենք ասես՝ չեն օգտագործել։

Կարծում եմ՝ մենք չպետք է մեր ուշադրությունը ֆիքսենք նրա վրա, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, եւ որ դրա պատճառով խնդիրներ ունենք Իսրայելի եւ հրեաների հետ։ Մենք պետք է այդպես չդիտարկենք։ Իսրայելը հզոր պետություն է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ստեղծենք մեր ամենալավ հարաբերություններն այդ երկրի հետ։ Հավատացեք, որ մենք շատ լավ ընդհանուր բաներ ունենք՝ սկսած պատմությունից։ Մեր երկու ժողովուրդները կարող են նոր էջ բացել աշխարհում»։

Հստակեցնող հարցին ի պատասխան, թե Իսրայելը ե՞րբ է զենքի վաճառք առաջարկել ՀՀ-ին, Արմեն Սմբատյանն ասաց․ «Նույն թվականներին, երբ Իսրայելն առաջարկել է Ադրբեջանին, առաջարկել է նաեւ մեզ։ Մենք ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք ասում։ Առաջարկել է, ՀՀ-ն հրաժարվել է։ 2015թ․-ի մասին է խոսքը»։

Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների ապագային՝ Արմեն Սմբատյանը համոզմունք հայտնեց․ «Կարծում եմ՝ ես կվերադառնամ, եւ մենք հումանիտար դաշտում մեծ նպատակներ ունենք։ Նույնը եւ մշակույթի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Պետք է աշխատենք։ Իսրայելն ու ՀՀ-ն իսկապես կարող են նոր էջ բացել»։

  • Կիսվել: