հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսկ ի՞նչ է արել Փարիզը. Զախարովան` Երևանում Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության մասին

Իսկ ի՞նչ է արել Փարիզը. Զախարովան` Երևանում Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության մասին

Փարիզը կեղծ հայտարարություններով փորձում է խաղալ ղարաբաղյան հարցի վրա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը։
 
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանը եռակողմ համաձայնագրի շրջանակում չի կատարել իր պարտավորությունները։
 
«Ֆրանսիան չէ, որ պետք է խոսի պարտավորությունների մասին։ Ֆրանսիան Մինսկի պայմանավորվածությունների  կատարման համահովանավոր և երաշխավոր էր... Կատրին Կոլոննայի փոխարեն ես կլռեի երաշխիքների և երկրների միջև հարաբերությունների կարգավորման պարտավորությունների առումով, երկրներ, որտեղ Ֆրանսիան իրեն միջնորդ է անվանում կամ համարում»,– ասել է Զախարովան։
 
Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը նա սուտ է որակել և ղարաբաղյան հարցի, տարածաշրջանը լքած հայ բնակչության մարդասիրական ծանր իրավիճակի վրա խաղալու փորձ։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կանգնեցրել է արյունահեղությունը, համաձայնեցրել եռակողմ հայտարարությունների համալիրը 2020-2022 թվականների ժամանակահատվածում` Բաքվի և Երևանի հաշտեցման այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»։
 
Նրա խոսքով` այդ մշակումները սկսել են պատճենել ԵՄ–ն և ԱՄՆ–ն, այնուհետև աղճատել` սպասարկելով իրենց շահերը և անտեսելով այդ տարածաշրջանի բնակչությանը։
 
Զախարովայի խոսքով` Ռուսաստանը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ապահովեց հրադադարը։ ՌԴ խաղաղապահները օգնեցին և օգնում են լուծել տարածաշրջանում մարդասիրական խնդիրները։
«Իսկ ի՞նչ է արել Ֆրանսիան, ի՞նչ է արել Բրյուսելը, ամբողջ ԵՄ–ն։ Գոնե ինչ–որ բան համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար։ Խոսքերից ու ձգձգված PR-ից բացի»,– նշել է Զախարովան։
Ըստ նրա` Պրահայում և Բրյուսելում ՀՀ ղեկավարությանը համոզեցին մոռանալ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին։ ԼՂ բնակիչների կարգավիճակը, անվտանգությունն ու երաշխիքները ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չեն ամրագրվել։
Դրա հետևանքը դարձավ ներկայիս ճգնաժամը։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: