չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Իշխանությունն ամեն ինչ անում է Հայաստանին ներքաշելու Արևմուտք-Ռուսաստան դիմակայության դաշտ. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն ինչ անում է Հայաստանին ներքաշելու Արևմուտք-Ռուսաստան դիմակայության դաշտ. Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանությունը ԵՄ դիտորդների տեղակայումը դիտարկում է որպես պաշտպանություն ոչ թե բուն անվտանգային առումով, այլ՝ եվրոպացիներին հավաստիացնելու, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի դեմ ագրեսիա չի նախապատրաստում։ Այս մասին այսպր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝  սա, առաջին հայացքից, անտրամաբանական, ոչ մի տեղ չտանող թեզ է, բայց օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հիմնական նպատակներից մեկն այն է, որ հավաստիացվի՝ իրականում, Հայաստանն ու Ռուսաստանը Ադրբեջանի դեմ ագրեսիա չեն նախապատրաստում։

«Այս իրավիճակի աբսուրդն այն է, որ չեմ կարծում, որ միջազգային հիմնական խաղացողներից որևէ մեկի համար նորություն է, որ 44-օրյա պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի հովանավորությամբ, դրանից հետո 5 հարձակում է տեղի ունեցել Արցախի ու Հայաստանի նկատմամբ, այս պահին էլ Ադրբեջանը բլոկադայի է ենթարկել Արցախը։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ եթե կա ագրեսոր, ապա դա Ադրբեջանն է»,- ընդգծեց Աբրահամյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը չի կարծում, որ ԱՄՆ-ն, Եվրոպան կամ Ռուսաստանը այնքան միամիտ են, որ կարող են կասկածել, որ Հայաստանը որևէ գործողություններ է նախապատրաստում։

«ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է իր գործողություններով ու հայտարարություններով Հայաստանին ներքաշելու Արևմուտք-Ռուսաստան դիմակայության դաշտ, որի պայմաններում ՀՀ-ն գործընթացից շահած դուրս գալու հնարավորություն պարզապես չունի»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ՝ միջազգային ուշադրությունը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնալով նվազում է։

«Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը, հատկապես, ռեգիոնալային խաղացողները, ունեին լուրջ հնարավորություն ազդելու Ադրբեջանի վրա ու իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Արցախում ճգնաժամը շարունակվում է, բավականին մեծ խնդիրներ կան։

«Այն իրավիճակը, որն այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է։ Արցախում մեր  հայրենակիցները բավականին ծանր, բավականին բարդ շրջան  են ապրում ու նրանք, ցավալիորեն, միայնակ են»,- նշեց Աբրահամյանը։

  • Կիսվել: