շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իր վերջին քայլերով Արայիկ Հարությունյանը սահմանեց ձեւավորվելիք իշխանության բոլորովին այլ նշաձող. Վահրամ Աթանեսյան

Իր վերջին քայլերով Արայիկ Հարությունյանը սահմանեց ձեւավորվելիք իշխանության բոլորովին այլ նշաձող. Վահրամ Աթանեսյան

Երեկ լրահոսում տարածվեց Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որ Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանին հորդորել է հրաժարական տալ: Վերջինս Արցախյան պատերազմի աչքի ընկած մասնակից է, Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ:

Նա Մարտունու քաղաքապետ էր ընտրվել անցյալ տարվա աշնանը՝ բավական թեժ մրցապայքարում տանելով տպավորիչ հաղթանակ:

Հայկ Սարգսյանի անունը մամուլում շրջանառվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների օրերին, երբ տեսանյութ տարածվեց, թե նա ինչպես է «խոչընդոտում» քաղաքական ուժերից մեկի՝ «Արցախի հեղափոխական կուսակցության», քարոզարշավին: Իրականում, ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, քաղաքապետը կանխել էր «հեղափոխականների» եւ Մարտունու մի խումբ երիտասարդների շատ հավանական բախումը, ինչին հետևողականորեն ձգտում էին որոշակի շրջանակներ: Բայց նույնիսկ այդ իրավիճակում նրա քայլն արժանացել էր նախագահի թեկնածու եւ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանի քննադատությանը, իսկ Սարգսյանը հանդես էր եկել պարզաբանում-հայտարարությամբ:

«Այդուհանդերձ, Արայիկ Հարությունյանի երեկվա գրառումը շատերի համար անակնկալ էր: Այն իմաստով, որ սահմանեց ձեւավորվելիք իշխանության բոլորովին այլ նշաձող: Այն է՝ կուսակցական պատկանելությունը, ընկերական հարաբերություններն ու ընտրապայքարում դրսեւորած կեցվածքը որոշիչ չեն, եթե հասարակությունը թեկուզ ամենաչնչին կասկածն ունի տվյալ անձնավորության կոմպետենտության եւ բարեվարքության նկատմամբ: Այդ որոշմամբ ընտրված նախագահը յուրօրինակ մեսիջ հղեց եւ թիմակիցներին, եւ հանրությանը՝ նկատել տալով, որ հավատարիմ է նախընտրական խոստմանը եւ կադրային հարցերում առաջնորդվել է ոչ թե կուսակցական նպատակահարմարության, այլ հանրային ընկալման առաջնահերթությամբ»,- գրում է քաղաքագետը:

Արցախի ընտրված նախագահը ներկայումս քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում: Դրանք մեկնարկել են նրա թեկնածությանը սատարած կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից հետո, ինչը ենթադրում է, որ ապագայի որեւէ որոշում վեց քաղաքական ուժի հետ համաձայնությամբ է լինելու:

«Այս համապատկերում Մարտունու քաղաքապետին արված հրաժարականի հորդորը բոլորի համար պետք է նշանային լինի այն իմաստով, որ ընտրված նախագահը չի պատրաստվում գնալ կոնյունկտուրային պայմանավորվածությունների, առավել եւս՝ գործարքների՝ իր իշխանությունն ապահովագրելու նպատակով: Կարելի է այնպես հասկանալ, որ նա դրել է գործունակ եւ ժամանակի մարտահրավերներին ադեկվատ արձագանքելու պատրաստ կառավարություն ձևավորելու նշաձող, որի անդամները կնշանակվեն բացառապես պրոֆեսիոնալիզմի եւ հանրային ընկալման սկզբունքներով: Արցախյան իրողությունների նկատառմամբ, պետք է խոստովանել, դա բավական դժվար լուծելի խնդիր է: Բայց եթե ընտրվել է նորացման եւ հանրային համերաշխության համատեղման նպատակը, իսկ ընտրված նախագահն այդ մասին մի քանի հրապարակային դիտարկումներ արդեն իսկ արել է, ապա այլընտրանք պարզապես չկա: Այս իմաստով Արայիկ Հարությունյանի սահմանած նշաձողն, ըստ ամենայնի, հանրության եւ մյուս քաղաքական ուժերի համար պետք է հասկանալի եւ ընդունելի լինի. նախապատվությունը տրվում է ոչ թե անձնական նախասիրություններին, այլ՝ հանրային պահանջվածությանը, պրոֆեսիոնալիզմին եւ պարկեշտությանը:

Մարտունու արդեն նախկին քաղաքապետն իր հայտարարությամբ հավաստել է հավատարմությունն «Ազատ հայրենիք» կուսակցության գաղափարներին: Նրա անցած ճանապարհը երաշխավորում է վաստակած հարգանք եւ բարձր հեղինակություն, ինչպես նաեւ՝ քաղաքական արժանապատիվ ապագա: Էականն այս պահին ձեւավորվելիք իշխանության նկատմամբ քաղաքական ու հանրային վստահությունն է: Ընտրված նախագահը, կարելի է ասել, ներկայացրել է իր կառավարության այցեքարտը»,- գրել է քաղաքագետը:

  • Կիսվել: