ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչու է եռակողմ հանդիպումից առաջ ՀՀ առաջին բորտը շրջադարձ կատարել, և ինչ են խոսել Պուտինն ու Ալիևը՝ Փաշինյանին սպասելիս․ նոր մանրամասներ

Ինչու է եռակողմ հանդիպումից առաջ ՀՀ առաջին բորտը շրջադարձ կատարել, և ինչ են խոսել Պուտինն ու Ալիևը՝ Փաշինյանին սպասելիս․ նոր մանրամասներ

Ռուսական «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարն ամփոփել է ԼՂ հակամարտության շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումների արդյունքները։

Ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում ներկայացվել է հանդիպման այնպիսի մանրամասներ, որոնց մասին դեռևս չի խոսվել։ Հունվարի 11-ին «Վնուկովո-2» կառավարական օդանավակայանում մեկը մյոuսի հետևից վայրէջք են կատարում Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի օդանավերը։ Օդանավակայանից ռուս լրագրողը նշում է, որ սա նախադեպը չունեցող դեպք է, երբ մեկը մյուսի հետևից մի քանի րոպե տարբերությամբ վայրէջք են կատարում երկու երկրների առաջին բորտերը։ Ըստ լրատվականի տեղեկությունների՝ ղեկավարներից մեկը փոքր-ինչ ուշ է թռիչք կատարել, իսկ մյուսը՝ փոքր-ինչ շուտ։ Եվ այնպես է ստացվել է, որ Մոսկվա են ժամանել երկու ինքնաթիռները միևնույն ժամանակ։ Արդյունքում ՀՀ վարչապետի ինքնաթիռը Տուլայի տարածքում շրջադարձ է կատարել, ամենայն հավանականության, դա արվել է օդում ստեղծված նման իրավիճակի պատճառով։ ՌԴ մայրաքաղաք պետք է ժամանեին երկրների ինքնաթիռները՝ ըստ այբբենական կարգի։ Ռեպորտաժում նշվում է, որ համաշխարհային դիվանագիտությունը ևս ստիպված է հարմարվել կորոնավիրուսային համավարակին։ Ալիևին ու Փաշինյանին դիմավորում են ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները, սակայն ոչ մի ձեռքսեղմում։ Համավարակի պայմաններում երկրների առաջին դեմքերի դեմ առ դեմ հանդիպումները հազվադեպ են և մշտապես վերջին րոպեներին են որոշվում, թե ինչպես տեղի կունենա ողջույնը։ Ալիևն ու Պուտինը, կարծես, մի պահ հեռավորություն են պահում, սակայն Պուտինը գրկախառնվում է։ Մի քանի րոպե Պուտինն ու Ալիևը հանդիպման դահլիճում միայնակ են մնում, սպասում են Փաշինյանի ժամանմանը։ Այդ ընթացքում նրանք ինչ-որ բանի մասին են զրուցում, որը կարող էր տարբեր քաղաքագետների երևակայությունը գրգռել, սակայն ահա թե ինչ են խոսել Պուտինն ու Ալիևը՝ սպասելով Փաշինյանին. -Ինչպե՞ս է ձեր մոտ, ցուրտ չի՞։ -Ո՛չ, նորմալ է։ Մոտ 5-6 աստիճան։ Դեռևս տաք ձմեռ է, դեռևս։ Եվ ահա դահլիճ է մտնում Փաշինյանը, ում հետ հանդիպումը նույնպես գրկախառնությամբ էր։ Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են դեմ-դիմաց և հազիվ լսելի ողջունում միմյանց՝ «Բարև Ձեզ»։ Այնուհետև Փաշինյանին են փոխանցում նրա պայուսակը։ Լրագրողը շեշտում է, որ ՀՀ վարչապետը կամ ինչ-որ բան է ստուգում կամ ինչ-որ բան է փնտրում, սակայն լրագրողների ներկայությամբ ոչինչ չի հանում, իսկ ՌԴ նախագահը ռեպլիկ է բաց թողնում ՝ «աշխատանքային է տրամադրված»։ Հանդիպման պաշտոնական մասից հետո, Պուտինն ասում է․ «Հեռանում ենք»։

Դրանից հետ բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում և դեռևս հայտնի չէր, թե կստորագրվի՞ ինչ-որ փաստաթուղթ։ Սակայն Կրեմլի մամուլի ծառայությունից օպերատորներին խնդրում են, ամեն դեպքում, դիրքավորվել դահլիճում, որտեղ երկրների ղեկավարները հայտարարություն են անում։ Եվ ահա, 4 ժամ անց Պուտինը դուրս է գալիս բանակցությունների սենյակից, Ալիևը հասցնում է կանգ առնել հայելու դիմաց, Փաշինյանը ևս ուղղում է փողկապը։ Արդյունքում ստորագրվում է ևս մեկ փաստաթուղթ՝ որպես նախորդ համաձայնագրի զարգացում։ Երկար տարիներ երկու երկրների մեջ չգործող տրանսպորտային հաղորդակցությունը ապաշրջափակվում է։ Եվ, կարծես, առաջին անգամ հրապարակավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ինչ-որ մի բանում համաձայնում են: Այս համաձայնագիրը շահեկան է տարածաշրջանի համար և հետևաբար նաև Ռուսաստանի համար։ Սակայն այստեղ էլ է մի հանգամանք աչքի զարնվում․ ո՛չ Փաշինյանը և ո՛չ Ալիևը միմյանց չեն նայում, և եթե Պուտինը նայում էր ելույթ ունեցողի կողմը, ապա Ալիևն ու Փաշինյանը խիստ ընդգծված նայում են առջև։ «Այս ամենը, իհարկե, մանրունք է, սակայն կարևորը ստորագրված փաստաթուղթն է»,- նշվում է ռեպորտաժում։ Հիշեցնենք՝ հունվարի 11-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Կրեմլում ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Բանակցությունները տևել են մոտ 4 ժամ:

Աղբյուր՝ factor.am

  • Կիսվել: