շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
 
Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին շարունակական աջակցության համար: Վարչապետն ընդգծել է նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին։
 
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։

  • Կիսվել: