ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչպես թշնամական Թուրքիան, Իսրայելն ու Պակիստանը միավորվեցին՝ ԼՂ հակամարտության հարցում կանգնելով Ադրբեջանի կողքին․ The New Arab

Ինչպես թշնամական Թուրքիան, Իսրայելն ու Պակիստանը միավորվեցին՝ ԼՂ հակամարտության հարցում կանգնելով Ադրբեջանի կողքին․ The New Arab

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունը վերաճել է պատերազմի։ Վերջին սրացման մեջ ներգրավված են նաև տարբեր երկրներ, ընդ որում՝ Ռուսաստանը, Իրանն ու Հնդկաստանն աջակցում են Հայաստանին, մինչդեռ Թուրքիան, Իսրայելը և Պակիստանը միավորվել են՝ կանգնելով Ադրբեջանի կողքին, գրում է The New Arab թերթը։

Ինչպես ընդգծում է թերթը, սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է իր լիակատար աջակցությունը հայտնել Բաքվին և հրահրում է շարունակել ռազմական գործողությունները։

«Հետևելով այդ հարցում Անկարայի դիրքորոշմանը՝ Պակիստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին»,- գրում է թերթը՝ ընդգծելով, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, միչդեռ Իսրայելը, որն ակնհայտորեն նույնպես աջակցում է Ադրբեջանին, դիվանագիտական հարաբերություններ ունի Հայասատնի հետ։

Ըստ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ Իսրայելը 2006-2019թթ. ընկած ժամանակահատվածում Բաքվին 825 մլն դոլարի զենք է տրամադրել: Բացի այդ, տրամադրել է նաև տարբեր պաշտպանական տեխնոլոգիաներ, այդ երկրում են պատրաստվել նաև ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները։

Լուրերի համաձայն՝ Պակիստանը նույնպես ռազմական առումով օգնել է Բաքվին, սակայն Իսլամաբադը հերքում է այդ հաղորդագրությունները, մինչդեռ Թուրքիան Ադրբեջանին է տրամադրել իր ամբողջ ռազմական զինանոցը, այդ թվում՝ F-16 մարտական օդանավերը։

«Հետաքրքիր է, որ թեև Անկարան և Իսլամաբադը սերտ հարաբերություններ ունեն, նրանք հեռավոր կամ ընդհանրապես կապ չունեն Թել Ավիվի հետ։ Պակիստանը չի ճանաչել Իսրայելը պաղեստինյան հարցի պատճառով, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան»,- նկատում է պարբերականը՝ ընդգծելով, որ «փորձագետների կարծիքով՝ Պակիստանը կարող է դառնալ այն սակավաթիվ երկրներից մեկը, բացի Իրանից, որը երբեք չի ճանաչի Իսրայելը, ուստի Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու ցանկացած համատեղ ջանք քիչ հավանական է»:

Թերթը նաև նշում է, որ Անկարան, Թել Ավիվ և Իսլամաբադ զգալի էներգակիրներ են ստանում Ադրբեջանից, և եթե Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը ձգձգվի, դա կարող է բացասաբար ազդել բոլոր երեք երկրների էներգետիկ անվտանգության վրա, քանի որ Բաքվի հիմնական արտահանման խողովակաշարերի մեծ մասը գտնվում է Հայաստանի հետ սահմանից մոտ 10 մղոն հեռավորության վրա, գրում է Tert.am-ը։

  • Կիսվել: