ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչ ունեցվածք ունի Գագիկ Ծառուկյանը. Հայտարարագիր

Ինչ ունեցվածք ունի Գագիկ Ծառուկյանը. Հայտարարագիր

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2019 թվականին գնել է երեք ավտոմեքենա: Նրանցից ROLLS-ROYCE-ն արժե 350 հազար եվրո և հենց 2019 թվականի արտադրության է: Բացի այդ, նա նույն թվականին գնել է 2017 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա՝ 39 մլն դրամ արժողությամբ և նվեր է ստացել 2018 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա՝ 25 մլն դրամ արժողությամբ:

 2019 թվականի դրությամբ նա ունի 17 ավտոմեքենա, որից միայն մեկն է նվեր ստացել, իսկ մյուսները՝ գնել:
2019 թվականին Ծառուկյանը որևէ անշարժ գույք չի գնել, սակայն ունի 25 անշարժ գույք, որից 14-ը՝ հողամաս: Բացի այդ, նա 2019 թվականի դրությամբ ունի 44 թանկարժեք գույք: Նախ նշենք, որ թանկարժեք է համարվում այն գույքը, որի արժեքը գերազանցում է 8 մլն դրամը:

Այսպիսով, նա 2018 թվականին գնել է 7 ննջասենյակի կահույք, որից ամենաթանկն արժե 220 հազար եվրո: Մեծ ննջասենյակի կահույքներից մեկն արժեցել է 305 հազար եվրո, իսկ նախասրահի կահույքներից մեկն էլ՝ 298 հազար եվրո: Ծառուկյանը 2018 թվականին գնել է նաև 20 հատ ջահ՝ 1 մլն 587 հազար եվրո ընդհանուր արժողությամբ:

2019 թվականին նա թանկարժեք որևէ գույք չի ձեռք բերել, սակայն ունի, օրինակ, 500 հազար դոլար արժողությամբ ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց:

Գագիկ Ծառուկյանը 2019 թվականի ավարտի համար որպես կանխիկ գումար հայտարարագրել է 167 մլն դոլար, 29 մլն եվրո, 675 մլն դրամ:

  • Կիսվել: