շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իմ  հանդեպ քաղաքական հետապնդում է կատարվում․ Արթուր Գևորգյանը հրաժարվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Իմ հանդեպ քաղաքական հետապնդում է կատարվում․ Արթուր Գևորգյանը հրաժարվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Ֆինանսական խնդիրների պատճառով չեմ կարող շարունակել ֆեդերացիայի ղեկավարումը, քանի որ իմ բոլոր հաշիվներն արգելափակված են: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ արդեն պատրաստվում է հրաժարական տալ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: «Ես հրաժարական եմ տալիս, բռնցքամարտը չպետք է տուժի իմ հարցերի պատճառով»,- նշեց մեր զրուցակիցը, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։ Ի դեպ նրա նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում Գևորգյանը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ:

Առաջիկայում ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ համագումար կանցկացվի, որի ընթացքում նախատեսվում է ֆեդերացիայի կանոնադրության մեջ նախագահի թեկնածուների առաջադրման կետում փոփոխություններ մտցնել։ Դրանից հետո Արթուր Գեւորգյանը հրաժարական կներկայացնի եւ նոր նախագահի ընտրություններ տեղի կունենան:

Տեղեկացնենք, որ  2020 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել է հետախուզում:

Խոսելով իր հրաժարականի պատժառների մասին նա նշեց, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է կատարվում և աբսուրդ որակեց իր գույքի և հաշիվների վրա կալանք դնելը։

«Ես ԱՄՆ-ում տուն եմ գնել այն ժամանակ, երբ ես արդեն պաշտոնատար անձ չէի եւ չպետք է հայտարարագրեի: Բայց հիմա այս «նորերը», փորձում են ինձ համոզել, որ ես տունը ձեռք եմ բերել մինչեւ հունվարի 14-ը եւ պարտավոր էի հայտարարագրել, այնինչ ես իմ տունը ձեռք եմ բերել մարտի 6-ին. սա նույնն է, որ մարդուն համոզեն՝ մածունը սեւ է կամ դու չես ծնվել ապրիլին, ծնվել ես հունվարին: Սա մեծ ախմախություն է: Իրենք պարտվելու են դատական պրոցեսներում եւ խայտառակ են լինելու: Ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը»,- ասաց նախկին պատգամավորը։

Զրույցի վերջում նա նշեց, որ բռնցքամարտը չպետք է տուժի իմ հարցերի պատճառով: Դրանք իր խնդիրներն են, եւ իր խնդիրենրն  ինքն էլ լուծում է՝ առանց որեւէ մեկին ներքաշելու: «Բռնցքամարտն իմ հոբբին է, եւ ես չեմ ցանկանում քաղաքականացնել այն»,- նշեց մեր զրւցակիցն ու հավելեց, որ թեև հրաժարական է տալիս բայց բռնցքամարտից հեռանալ չի պատրաստվում։

  • Կիսվել: