հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ի վերջո Վրաստանը եւս հետեւելու է քաղաքակիրթ երկրների օրինակին. Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Ի վերջո Վրաստանը եւս հետեւելու է քաղաքակիրթ երկրների օրինակին. Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Վրաստանում գործող մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ տարիներով պահանջում են երկրի իշխանություններից ճանաչել եւ դատապարտել 1915թ․ Հայոց ցեղասպանությունը, որը հանցանք է ոչ միայն հայ ժողովրդի այլ նաեւ համայն մարդկության հանդեպ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը։

՛՛Աշխարհի գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրները վաղուց ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Տվյալ երկրների շարքում կան այնպիսի երկրներ, որոնց Վրաստանը մշտապես ցանկանում է ընդօրինակել պետականության կառուցման գործում եւ որոնց հետ Վրաստանը ունի ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններ։ Մի շարք հզոր եվրոպական երկրներ արդեն վաղուց արդարությունը անվանել են իր անունով եւ ճանաչել 1915թ․ Հայոց ցեղասպանությունը։

Նույնն է արել նաեւ Վրաստանի ռազմավարական դաշնակից համարվող ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները։ Իհարկե նույնն է անելու մի օր նաեւ հայ ժողովրդի դարավոր հարեւան Վրաստանը, սակայն ե՞րբ է դա տեղի ունենալու։ Մի՞թե Վրաստանը աշխարհի վերջին երկրների շարքում է լինելու, ով ճանաչում եւ դատապարտում է այս համամարդկային մեծ աղետը։

Եթե ոչ Վրաստանը, ապա ո՞վ ավելի գիտի թուրքական կոտորածների մասին ինչպես հայ այնպես էլ վրաց ժողովրդի նկատմամբ։ Վրաստանի պատմական աշխատություններում մշտապես խոսվում է Թուրքիայի մարդասպան նկարագրի մասին, որը ոչ մեկ դարի պատմություն ունի։ Վրաստանը մշտապես իր սեփական կաշվի վրա զգացել է Թուրքիայի ցեղասպան ոճը վրաց բնակչության նկատմամբ։ Եւ այս իրավիճակում Վրաստանից ավելի լավ քչերն են հասկանում թե ինչպիսի մեծ ողբերգություն է տեղի ունեցել 1915թ․ հայ ժողովրդի նկատմամբ։

Այսօրվա Վրաստանը շատ խորը հարաբերություններ ունի ներկայիս Թուրքիայի իշխանության հետ եւ դա է հիմնական պատճառը, որ Վրաստանը խուսափում է ճանաչել պատմական արդարությունը։ Սակայն Վրաստանը պետք է տեսնի, որ նույն դժվարություններն են ունեցել մի շարք եվրոպական երկրները ու ԱՄՆ-ն, բայց այնուամենայնիվ իրենց մեջ ուժ են գտել ճանաչելու պատմական արդարությունը, օգնելու համար իրենց բարեկամ Թուրքիային առերեսվել պատմական արդարության հետ։ Ասենք ավելին, որ Վրաստանի բարոյական պարտավորությունը իր հայ ազգի քաղաքացիների հանդեպ մեծացավ այն օրվանից, երբ նա ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը, որը իր մասշտաբներով չի կարող համեմատվել XX-րդ դարի ամենամեծ ողբերգության հետ։

Ի վերջո Վրաստանը եւս հետեւելու է քաղաքակիրթ երկրների օրինակին, որոնց մաս է ցանկանում դառնալ, սակայն խնդիրը այն է թե ե՞րբ է դա տեղի ունենալու, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչումից հետո՞ թե առա՞ջ։ Այդ իսկ պատճառով կրկին ու կրկին անգամ Վրաստանում բնակվող համայն հայության անունից, ովքեր այս երկրի լիարժեք քաղաքացիներն են ու մեծ ընտանիքի անդամները, կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին իրենց մեջ ուժ գտնելու եւ ճանաչել ու դատապարտել 1915թ Հայոց ցեղասպանությունը, վերահաստատելու այն համամարդկային արժեքները, որոնց կրողը ցանկանում է դառնալ Վրաստանը՛՛։

 

  • Կիսվել: