ՀՀ փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ը համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով։ Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․
«ՊՈԱԿ-ում շարունակաբար ընդլայնվում և նոր որակ են ստանում հողերի տեսակի որոշմանն ուղղված մասնագիտական փորձաքննությունները: Կենտրոնն այս նպատակով համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով, կիրառում է առաջադեմ մեթոդներ և վերլուծական նոր մոտեցումներ։
Փորձագետների կատարած ծավալուն և խորքային ուսումնասիրությունները հիմք են դարձել ոլորտում նորարարական լուծումների ձևավորման համար։ Մասնավորապես, մշակվել և գործնականում հաջողությամբ կիրառվում է հողերի տարբերակման գիտականորեն հիմնավորված նոր մեթոդաբանություն, որը հիմնված է հողերի ֆիզիկաքիմիական հատկանիշների համալիր գնահատման, սպեկտրալ հետազոտությունների և օրգանական կազմի որոշման արդյունքների համակցված վերլուծության վրա։
Կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում արդեն իսկ սահմանվել են հողերի տեսակային պատկանելության որոշման համար առավել տեղեկատվական և գործնական նշանակություն ունեցող չափանիշներ։ Վերջիններս թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել հետազոտությունների ճշգրտությունն ու տրվող փորձագիտական եզրակացությունների հիմնավորվածությունը»։
Հաղորդագրության մեջ նաև շեշտվում է, որ ստացված բարձր արդյունքները հիմնարար հիմք են հանդիսանում հողերի նմուշների հետագա փորձագիտական հետազոտությունների զարգացման և մեթոդական կատարելագործման համար՝ միտված լինելով ապահովելու փորձագիտական եզրակացությունների հավաստիությունն ու ապացուցողական բարձր արժեքը, ինչպես նաև ամրապնդելով կենտրոնի դերը մասնագիտական գնահատման ոլորտում։


