հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հյուսիս-հարավ ուղղությունը լուրջ պոտենցիալ ունի ու դա ակնհայտ է նույնիսկ աշխարհագրական իմաստով. Մհեր Գրիգորյանը՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի մասին

Հյուսիս-հարավ ուղղությունը լուրջ պոտենցիալ ունի ու դա ակնհայտ է նույնիսկ աշխարհագրական իմաստով. Մհեր Գրիգորյանը՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի մասին

Այս պահին Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա ու նոր պետք է իրականացվեն խորացված hաշվարկներ:

Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե 20 տարվա կտրվածքով որքան է կազմում երկաթուղու ծախսածածկման ժամկետը, սպասվող եկամտաբերությունը, սպասվող հարկային մուտքերը, սպասվող ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները` ներառյալ տրանզիտային հոսքերը, շինարարության արժեքը, քանի որ ստացվում է, որ կառավարությունը 226 միլիոն դոլարանոց ծրագիր է հաստատել՝ առանց ծրագրի եկամտաբերության մոտավոր հաշվարկի: 

Մհեր Գրիգորյանն ասաց, որ որպեսզի մենք հասկանանք ներդրումների ծավալը, նախևառաջ, պետք է ունենանք վերջնական նախագիծն իր բոլոր դետալներով:

«Այսօր, այդ թվում օտարերկրյա փորձագետների հաշվարկով, այդ թևի վերականգնման աշխատանքների մոտավոր արժեքը 226-230 միլիոն դոլար կկազմի ու տևողությունը կլինի մինչև 36 ամիս: Միայն բեռնափոխադրումների մասով 3 միլիոնի միջին չափ ունենք՝ առանց ապաշրջափակման, որից 2-ը ներքին բեռնափոխադրումներն են: Եթե մենք այսօր տեսնենք «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը, դրանք կազմում են շուրջ 4,7 միլիարդ ու եթե հաշվենք, որ ապաշարջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն հոսքերը, մենք գալիս ենք նվազագույնը 5 տոկոս եկամտաբերության, որը վատ չէ», - ասաց ՀՀ փոխվարչապետը:

Նա ասաց, թե սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ ու իրականացնել ավելի խորացված հաշվարկներ ու նախագիծ, որի արդյունքում թվերը կճշգրտվեն:

Փոխվարչապետի խոսքով՝ նախագծի Հյուսիս-հարավ ուղղությունը լուրջ պոտենցիալ ունի ու դա ակնհայտ է նույնիսկ աշխարհագրական իմաստով:

  • Կիսվել: