չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԱԺ-ն քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը

ԱԺ-ն քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը

Խորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման հետ կապված խնդրին, ինչպես նաեւ ազատությունից զրկելիս անձանց նվազագույն իրավունքների երաշխավորման հարցին՝ Անահիտ Մանասյանը նշել է՝ հաստատության կողմից արձանագրվում են առերեւույթ անհամաչափ ուժի գործադրման բազմաթիվ դեպքեր: Նա խոսել է համակարգում առկա խոչընդոտները հաղթահարելու ու խնդիրները լուծելու կարեւորության մասին:

Պաշտպանն ընդգծել է հավաքների ընթացքում հատուկ միջոցների կիրառման մասին հանրությանը բավարար տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը:

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին գտնվում են կալանքի տակ, ինչը միջազգային չափանիշների տեսանկյունից անթույլատրելի է»,- նշել է Անահիտ Մանասյանը: Նա մտահոգություն է հայտնել մի շարք ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ, խոսել համակարգային բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին:

ՄԻ պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Տարեկան հաղորդման եւ զեկույցի վերաբերյալ քննարկումը կշարունակվի մայիսի 14-ի ԱԺ նիստում:

  • Կիսվել: